Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է Brexit-ից հետո Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ լիարժեք սահման ստեղծելու մտադրության մերժումը, ինչպես նաեւ խոստացել է ԵՄ հետ այնպիսի մաքսային ռեժիմ ապահովել, որը չի հանգեցնի առեւտրի խնդիրների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վարչապետի պաշտոնական ներկայացուցիչի հայտարարության համաձայն՝ Մեյը հեռախոսազրույց է ունեցել Ուելսի առաջին նախարար Կարուին Ջոնսի հետ եւ նրան ասել է Brexit-ի մասին Եվրամիության հետ համաձայնագրի իր տեսլականը, որը նա նախօրեին ներկայացրել էր իր ծավալուն ելույթի ժամանակ:

«Անդրադառնալով երեկվա ելույթին՝ վարչապետը հայտարարել է Բրիտանիայի եւ ԵՄ միջեւ տնտեսական համագործակցություն ստեղծելու մտադրության մասին: Բացի հինգ (ելույթում առաջարկված) դրույթներից ... նա հայտարարել է, որ կպնդի այն մաքսային համաձայնագրերի վերաբերյալ, որոնք չեն հանգեցնի մեր եվրոպական հարեւանների հետ առեւտրային խնդիրներին: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ «կոշտ» սահման չի լինի», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մեյը հաստատել է, որ կառավարությունը մտադիր է մարտի 14-ին հերթական նախարարական հանդիպումը կազմակերպել Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի ԵՄ-ի հետ Brexit-ի մասին բանակցություններում ձեռք բերված առաջընթացը:

Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա 2019 թվականի մարտի 29-ին: