Հավերժական սառածության հալման գործընթացում մթնոլորտում է արտանետվում հողի մեջ պարունակվող ածխածինը, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ մոլորակի կլիմայի փոփոխության վրա, պարզել է Նիդերլանդների եւ Մեծ Բրիտանիայի գիտնականների թիմը: Ուսումնասիրությունը հրապարակվել է IOPscience պորտալում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գիտնականները վերլուծել են ամառվա շրջանում Կանադայի հյուսիսարեւմտյան ջրերում նյութի պարունակությունը, երբ հավերժ սառած հողը հալվում է: Նրանք լճերում եւ գետերում մեծ քանակաությամբ «հին» ածխածնի, ինչպես նաեւ ածխածնի երկօքսիդի պարունակություն են հայտնաբերել: Գազերը կարող են պարունակվել սառած հողում գտնվող բույսերի մնացորդներում:

Կանադայի արկտիկական ջրերում ածխածնի պարունակության վերլուծությունը բարդացել է նաեւ նրանով, որ գիտնականները դեռ չգիտեն, թե որքան գազ պետք է արտանետվի մթնոլորտ, առանց կլիմայի փոփոխության վրա ազդելու: Կարեւոր է ուշադրություն դարձնել նաեւ այն հանգամանքի վրա, որ ջրի շերտերում կարող է պարունակվել ինրչպես «հին», այնպես էլ վերջերս հավերժական սառածության մեջ հայտնված ածխածին: