Մասնագետները ստեղծել են պատմության մեջ ամենախոշոր տոհմաբանական ծառը, որը միավորում է 13 միլիոն մարդու, հաղորդում է moya-planeta.ru-ն:

Հետազոտողները Geni.com հայտնի տոհմաբանական ռեսուրսում 86 միլիոն մարդու պրոֆիլներ են ուսումնասիրել:

Նրանց հետաքրքրել է, թե ինչպես են 500 տարիների ընթացքում փոփոխվել մարդու միգրացիան եւ ամուսնական սովորությունները:

Այս ծառը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում փոխվել է տարածությունը, որը մարդը հաղթահարում է ամուսնական զուգընկերոջը գտնելու համար: Մինչեւ 1750 թվականը ամերիկացիների մեծամասնությունը ամուսնանում էր նրա հետ, ով իր բնակության վայրից 10 կմ հեռավորության սահմաններում էր ապրում: 200 տարի անց՝ մարդիկ արդեն ավելի հեռուն էին ճանապարհորդում՝ մինչեւ 100 կմ հեռավորության սահմաններում:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Յանիվ Էրլիխը կատակել  է. «Տարիների հետ ավելի դժվար է քո կյանքի սիրուն գտնել»:

Ավելին՝ 1650-ից եւ 1850 թվականներին հեռավոր ազգականների միջեւ ամուսնությունները սովորական երեւույթ էին, այժմ սակայն դա ընդունված չէ ամերիկյան հասարակությունում:

Գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել կյանքի տեւողության վրա գեների ազդեցությանը:

Գնահատման համար 1600 եւ 1910 թվականներին 30 տարուց ավել ապրած 3 մլն բարեկամ է ընտրվել: Բացառություն են դարձել երկվորյակները եւ պատերազմներում եւ աղետներում մահացած մարդիկ:

Հետազոտողները ուսումնասիրել են մարդկանց կյանքի տեւողությունը, այդ տվյալների հետ համեմատել են ազգականների նույն ցուցանիշները՝ հաշվի առնելով ազգակցական հեռավորությունը:

LiveScience-ում ներկայացված տվյալներով՝ «լավ գեներով» մարդիկ մնացածից հինգ տարով ավելի երկար են ապրում: Էրլիխն այս առիթով ասում է. «Դա այնքան էլ շատ չէ: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ ծխելը տասը տարի կյանքը կրճատում է, ուստի մեր ընտրությունը շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան գեները»: