Սիգար պահելու ձեռքի աշխատանքի 7 էքսկլուզիվ փայտե տուփերը Հավանայում միջազգային «թութունի» փառատոնի փակմանը աճուրդում վաճառվել են 1,49 մլն եվրոյով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել են միջոցառման կազմակերպիչները, ստացված միջոցները կտրամադրվեն Կուբայի առողջապահության համակարգի կարիքներին:
Ամենաթանկարժեք լոտն է եղել Cohiba մակնիշի 550 սիգարով տուփը, որը վաճառվել է 340 հազար եվրոյով: Թանկարժեք տուփը գնել է Հոնկոնգի քաղաքացի: Տպավորիչ գումարներով են վաճառվել նաեւ այլ հայտնի մակնիշների սիգարներով տուփերը:
Նախկինում համանման աճուրդներին ներկայացվում էին Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի (1926-2016) ստորագրությամբ լոտերը: Տուփերը պատրաստվում են տարբեր արժեքավոր ծառատեսակների փայտից: Տուփի ներքին մասը սովորաբար երեսապատվում է իսպանական մայրու փայտով: Տուփի գլխավոր խնդիրը խոնավությունը 68-72 տոկոս մակարդակում պահելն է, որի դեպքում սիգարները կարող են պահպանվել որակը չկորցնելով:
Կուբայական սիգարների 20-րդ փառատոնը Հավանայում անցկացվել է 5 օր: Այս տարի հեղինակավոր համաժողովին մասնակցել է մոտ 2 հազար մասնագետ, բիզնեսմեն եւ ավելի քան 70 երկրից թութունի գնահատող:
Արարողության պատվավոր հյուրն է եղել մեքսիկացի դերասան Դեմիան Բիչիրը, որը լեգենդար լատինաամերիկացի հեղափոխական Էռնեստո Չե Գեւարայի մասին Սթիվեն Սոդերբերգի «Չե» (Che, 2008) ֆիլմում կատարել է Ֆիդել Կաստրոյի դերը:



























