Չինաստանի իշխանությունները ԱՄՆ հետ հնարավոր առեւտրային պատերազմները համարում են ազգային շահերի պաշտպանության ծայրահեղ ոչ արդյունավետ միջոց եւ դրանք առաջինը չի սկսի: Այս մասին հայտարարել է Չինաստանի կոմերցիայի նախարար Չժուն Շանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Առեւտրային պատերազմներում հաղթող չի լինում: Դրանք միայն մեծ վնաս կհասցնեն Չինաստանի, Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի տնտեսությանը,- նշել է նա մամուլի ասուլիսում: - Չինական կողմը դրանում շահագրգռված չէ եւ այս պատճառով որպես նախաձեռնող հանդես չի գա: Սակայն մենք ունակ ենք մեր երկրի եւ ժողովրդի շահերի պաշտպանության համար պատասխանելու ցանկացած մարտահրավերի»:

Նա հիշեցրել է, որ վերջին 40 տարիներին չինա-ամերիկյան առեւտրի ծավալները մեծացել են ավելի քան 230 անգամ, այս ժամանակահատվածում երկկողմանի ներդրումները գերազանցել են 230 մլրդ դոլարը: «Սա հաստատում է, որ 2 երկրների տնտեսությունները  իրար հրաշալի փոխլրացնում են: Մենք համագործակցության մեծ պոտենցիալ ունենք»,- շեշտել է Չժոն Շանը:

Նա հավելել է, որ վերջին շրջանում Չինաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությունը մի շարք խնդիրների է բախվել, որոնցից ամենախոշորը երկկողմանի ապրանքաշրջանառության անհավասարակշռությունն է: Երկրորդ բացասական գործոնը տնտեսական զարգացման մակարդակների տարբերությունն է, ոչ միանման հասարակական կառուցվածքի առկայությունը, հեռահաղորդակցության, ավտոարտադրության եւ ագրարային արտադրանքի շուկաներին նույնանման հասանելիության բացակայությունը: Մյուս կարեւոր հարցերի ցանկում, որոնք բացասաբար են անդրադառնում Պեկինի եւ Վաշինգթոնի շփումների վրա, մտավոր իրավունքների արդյունավեր պաշտպանության եւ ցանցային անվտանգության ապահովման անհրաժեշտությունն է:

Չինաստանի կոմերցիայի նախարարը նաեւ նշել է, որ Չինաստանի իշխանությունները ծրագրում են նվազեցնել ավտոմեքենաների եւ զանգվածային սպառման մի շարք ապրանքների մաքասատուրքը եւ կշարունակեն չինական բաց շուկայի ամրապնդումը: