Հայաստանում տոնավաճառները դատարկ են նույնիսկ տոներին: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի տոնավաճառներ» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ վաճառողները հույս ունեին, որ կանանց տոնի առիթով տոնավաճառային առեւտուրը կաշխուժանար, սակայն նրանց սպասումները չարդարացան: «Հայաստանում տոնավաճառների շրջանառության նվազումը պայմանավորված է գնորդների բազայի նվազմամբ, որի պատճառն, առաջին հերթին, արտագաղթի տեմպերն են: Մյուս կողմից՝ տոնավաճառների վաճառողները ստիպված են գները բարձրացնել այն երկրների ինֆլյացիայի պատճառով, որտեղ Հայաստանում վաճառվող ապրանք են ձեռք բերում»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ խոսքն, առաջին հերթին, վերաբերում է Թուրքիային: Չինաստանում գների մասին ՀԿ ղեկավարն իր տրամադրության տակ տեղեկություններ չուներ:
«Իրավիճակը խորանում է այն պատճառով, որ տաք ձմեռը բացասաբար է ադրադարձել սեզոնային հագուստի վաճառքի վրա. փաստորեն, ձմեռային սեզոնի ապրանքի 70 տոկոսը չի վաճառվել: Նոր մատակարարումների համար նրանք ստիպված են վարկերի տակ ընկնել»,- հավելեց Գագիկ Դանիելյանը՝ շարունակելով, որ գլխավոր հարցը շարունակում է մնալ տոնավաճառում տեղի վարձավճարը: «Տոնավաճառների տերերի համար միեւնույն է՝ վաճառքն ինչպիսին էլ լինի, նրանք ամսվա վերջին իրենց փողն են պահանջում»,- դժգոհեց ՀԿ ղեկավարը:



























