Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարկավոր է բաց լինել առեւտրի ոլորտում: Այս մասին նա հայտարարել է Պեկինում կայացած տնտեսական համաժողովի ժամանակ, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Wall Street Journal-ը:

Կուկին հարցրել են, թե նա ինչ խորհուրդ կտար Թրամփին, ինչին Apple-ի գործադիր տնօրենը պատասխանել է, որ բացության սկզբունքը պահպանող երկրները բացառիկ արդյունքների են հասնում: Այլ մոտեցումներով երկրները, ըստ նրա, չեն կարող դրանով պարծենալ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Դոնալդ Թրամփը հուշագիր էր ստորագրել չինական արտադրանքի համար լրացուցիչ մաքսատուրքերի ներդրման մասին: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝  այս քայլը նպատակ ունի նվազեցնել երկրների միջեւ առկա առեւտրային դեֆիցիտը: Չինաստանում այս հուշագիրը «տիպիկ միակողմանի պաշտպանական քայլ» են անվանել եւ Միացյալ Նահանգներին նախազգուշացրել են առեւտրային պատերազմ սկսելու մասին: