Վերջին օրերին «Դիլիջան» ազգային պարկի տարածքում երեք խոշոր հրդեհներ են բռնկվել։ Երեք հրդեհների օջախներն իրարից բավական հեռու են, եւ ԱԻՆ-ը չի բացառում մարդկային գործոնի ազդեցությունը։
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, թե մարտի 22-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի մոտակա սարերում հրդեհ է նկատվում, սակայն հրդեհը ինքնամարվել է: «Մարտի 23-24 ահազանգեր են եղել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Ղուրդախ» կոչվող հանդամասում եւ 6-րդ պահաբաժնում՝ «Սարի հողեր» հանդամասում: Ընդհանուր առմամբ եղել է հրդեհի 3 օջախ: Այդ օջախներում այրված կանաչ ծառեր շատ չեն եղել, այլեւ՝ կոճղեր եւ բույսեր: Երեք տեղամասերում էլ գրեթե նույն իրավիճակն է եղել:
Հրդեհաշիջումը մեր տղաների կողմից արվել է հավուր պատշաճի: Սկզբում տեղի ուժերը փորձել են հրդեհը ինքնուրույն մարել, սեփական ուժերով, եւ հետո միայն դիմել են փրկարարներին: Տեղի ուժերով անտառային հրդեհների մարումը գրեթե անհնար է»,- նշել է գեներալ-մայորը։
Նրա խոսքով, «այս պահին ընթանում է անտառտնտեսության պահպանվող տարածքների եւ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների միջեւ փոխհամագործակցության եւ արձագանքման պլանների մշակման գործընթացի վերջին փուլը, որի արդյունքում մենք կկարողանանք շատ արդյունավետ պայքարել ծագած հրդեհների դեմ»: «Բոլորս շահագրգռված ենք այդ հարցում, քանի որ անտառածածկ տարածքները կազմում են հանրապետության ողջ տարածքի ընդամենը 9.5 տոկոսը, եւ դրանք մեր բնակչության «թոքերն» են, ու պետք է անենք ամեն ինչ՝ այդ հարստությունը բազմապատկելու ուղղությամբ»,- ասել է նա:
Հարցին՝ արդյոք եղանակային նման պայմաններում անտառային տարածքներում հրդեհ սպասելի՞ էր, Վրեժ Գաբրիելյանը պատասխանել է. «Եթե տարին չոր է եղել, առատ ձյուն չի տեղացել, եւ խոտածածկ տարածքը չոր է, հրդեհի հավանականությունը մեծանում է, բայց միեւնույն ժամանակ, եղանակն այնքան տաք չէր, որ ինքնաբռնկում լիներ: Բացի այդ՝ եղանակը մառախալապատ էր, իսկ օդի խոնավությունը՝ բավական բարձր: Չի բացառվում, որ հրդեհի պատճառ կարող է լինել մարդկային գործոնը»:
ԱԻՆ ներկայացուցիչը չի բացառում, որ հրդեհները միտումնավոր լինեն։ Դիտարկմանը, թե սոցցանցերում տեղեկություններ կային, որ հրդեհները դիտավորության հետեւանք են, նա պատասխանեց. «Ինչպես տեսնում եք քարտեզի վրա, հրդեհի երեք օջախները բավական հեռու են տեղակայված միմյանցից, այրված կանաչ ծառեր շատ չեն եղել, հիմնականում կոճղեր եւ խոտ, երեք տեղամասերում էլ գրեթե նույն իրավիճակն է եղել: Ընդ որում, այդ օջախների տարածքում բավական շատ նախկինում կտրված ծառերի կոճղեր կային, որոնք դժվարեցնում էին հրդեհաշիջման աշխատանքները մեկ պարզ պատճառով՝ խոտը հանգցնելը շատ ավելի հեշտ է, քան կոճղերը: Այս պահի դրությամբ որեւէ վարկած չենք բացառում, երբ ավարտվեն հրդեհատեխնիկական հետազոտությունն ու փորձաքննությունը պատկան մարմինները կներկայացնեն վերջնական եզրակացությունը»:
.jpg)




























