Բրազիլացի դատավոր Սերժիու Մերուն օրդեր է տվել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային կալանավորելու համար: Քաղաքական գործիչը, ում ավելի վաղ կոռուպցիայի մեղադրանքով 12 տարվա ազատազրկման են դատապարտել, պետք է ներկայանա Կուրիտիբա քաղաքի ոստիկանություն, կամավոր ներկայանալու 24-ժամյա ժամկետն ավարտվում է ուրբաթ՝ ապրիլի 6-ի երեկոյան, փոխանցում է DW-ն:
72-ամյա դա Սիլվային հնարավորություն է ընձեռվել կամավոր ներկայանալ ոստիկանություն, հայտարարել է օրդերը տված դատավորը: Նախօրեին Բրազիլիայի գերագույն դատարանը մերժել էր Լուլայի վերաքննիչ բողոքը իր դեմ կայացված դատավճռի դեմ եւ նախկին նախագահին կալանավորելու համաձայնություն տվել:
Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան Բրազիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2010 թվականներին: Նա բոլոր մեղադրանքները հերքում է՝ պնդելով, որ ներկայիս դատավարությունն իր դեմ վարվում է ընտրություններում իր թեկնածությունը դարձյալ առաջադրելուն խանգարելու համար: Բրազիլիայում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2018 թվականի հոկտեմբերին, նախկին նախագահը բարձր վարկանիշ ունի եւ կարող էր ֆավորիտ համարվել:




























