Որքան աղբ է տարեկան նետում Հայաստանի մեկ միջին վիճակագրական ընտանիքը: Հաշվարկների համաձայն` մոտ 4,2 խորանարդ մետր: Ընդ որում այս հարցում մայրաքաղաքը առաջատար չէ (որը շատ այլ վիճակագրական ցուցանիշներում մարզերից առաջ է անցնում), այլ Արմավիրի մարզը` 7.7 խորանարդ մետր ցուցանիշով: Երեւանն այս «վարկանիշում» զբաղեցնում է 4-րդ տեղը` Տավուշից եւ Վայոց Ձորից հետո: Շիրակի մարզում ամենացածր ցուցանիշն է՝ 2 խորանարդ մետր:
Ի թիվս այլ իրերի, աղբում հաճախ հայտնվում են հնացած մարտկոցներ `առաջին հայացքից անվնաս, փոքր մարտկոցնեից մինչեւ ավտոմեքենաների ակումուլյատորներ: Մինչդեռ այս առարկաներում բազմաթիվ վնասակար նյութեր են պարունակվում (կապար, կադմիում, սնդիկ, ալկալիներ, ինչպես նաեւ ավտոմեքենաների մարտկոցներում գտնվող ծծմբաթթուներ), որոնք կարող են անդառնալի վնաս հասցնել շրջակա բնությանը:
Մասնագետների հաշվարկներով՝ միայն մեկ փոքրիկ մարտկոցը կարող է ծանր մետաղներով 20 քառ/մետր մակերեսով հողն աղտոտել: Այս երեւույթի ծավալները գնահատելու համար ապրանքային խմբերի անուններով կներկայացնենք 2016 թվականների ներմուծման տվյալները (նախորդ տարվա համար մաքսայինը չի հրապարակել):
Այսպիսով, երկու տարի առաջ մեր երկիր ներկրվել է մոտ 403 հազար «էլեկտրական ակումուլյատոր» եւ ավելի քան 9.9 միլիոն «առաջնային էլեմենտ եւ առաջնային մարտկոց»: Ակնհայտ է, որ ամեն տարի նույնքան քանակությամբ դրանք աղբ են նետվում, եւ տարիներ շարունակ կուտակվում են աղբավայրերում: Արդարության համար նշենք, որ հին մեքենաների ակումուլյատորները ընդունում են (վճարի դիմաց, իհարկե) որոշ վերանորոգող արհեստանոցներ՝ օրինակ կապարի ձեռք բերման համար:
Աղբավայրերում առարկաների խտությունը բոլորովին չի նշանակում հողի աղտոտման մակերեսի տեղայնացում: Օրինակ, ավտոմեքենաների ակումուլյատորների թթուն եւ մարտկոցների էլեկտրոլիտները (եւ որոշ պայմաններում, ծանր մետաղները) կարող են տարածվել հողային ջրերով: Միգրացիայի հետեւողական շղթայի միջոցով (հող-բույսեր-սնունդ) թունավոր նյութերը կարող են մտնել մարդու օրգանիզմ եւ առաջացնել ծանր թունավորումներ:
Զարգացած երկրներում հնացած մարտկոցները եւ ակումուլյատորները չեն թույլատրում նետել սովորական աղբի մեջ: Ի դեպ, շատերը տեղյակ են, որ այնտեղ աղբը տեսակավորված է եւ յուրաքանչյուր տեսակի համար նախատեսվում են առանձին տարաներ: Իսկ հին մարտկոցներն ու ակումուլյատորները հանձնվում են խանութներ եւ սուպերմարկետներ՝ հետագա վերամշակման համար:
Ակնհայտ է, որ ներկայիս պայմաններում մեր երկրում նման բան հնարավոր չէ կազմակերպել: Պատճառը պարզ է՝ գումար չկա: Մնում է սպասել, երբ գործը կհասնի ծայրահեղ կետին, որպեսզի հետո տարիներով «միջոցներ ձեռնարկեն»: Այնպես որ, կարելի է միայն հայրենի բնապահպաններին խորհուրդ տալ ուշադրություն դարձնել այս խնդրին:
Սմբատ Գրիգորյան



























