Մանկագիր բանաստեղծ Իրինա Տոկմակովան, օրիորդական ազգանունը Մանուկովա, մահացել է 89 տարեկանում: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է թարգմանիչ Օլգա Վարշավերը, փոխանցում է Lenta-ն: 

«Մահացել է Իրինա Տոկմակովան: Հիշատակը թող լուսավոր լինի… թող մանկությամբ բուրի»,- գրել է նա:

Մանկագիր բանաստեղծ եւ արձակագիր, մանկական բանաստեղծությունների թարգմանիչ Տոկմակովան ծնվել է 1929 թվականին Մոսկվայում: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տարվա եղանակներ», լույս է տեսել 1962 թվականին: Նրա գրչին են պատկանում մի շարք հեքիաթներ եւ անգլերենից ու շվեդերենից բանահյուսական բանաստեղծությունների դասական թարգմանություններ: Նրան շնորհվել է Ռուսաստանի Պետական մրցանակ մանկապատանեկան ստեղծագործությունների համար («Երջանիկ ճանապարհ» գիրքը):

Գրողի հայրն է ինժեներ-էլեկտրատեխնիկ Պյոտր Կարպովիչ Մանուկովը (Պերճ Կարապետի Մանուկյան), մայրն է Լիդիա Ալեքսանդրովնա Դիլիգենսկայան (1905-1985), ազգությամբ ռուս, հոգեւորականի ընտանիքից, մանկաբույժ, եղել է «Ընկեցիկների տան» ղեկավարը: