Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Սարսել քաղաք։
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդարանի ղեկավարի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Սարսելի քաղաքապետարանում, որին մասնակցել են քաղաքապետ Անի Պերոննեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, Սարսելի եւ շրջակա բնակավայրերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել քաղաքապետը եւ պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Նրանք ընդգծել են, որ Արցախի ժողովրդից շատ բան կարելի է սովորել. դժվարին պայմաններում վերջիններս շարունակում են մաքառել՝ ապագա սերնդի համար ոչինչ չխնայելով եւ դա արժանի է ընդօրինակման։
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ անկեղծ մաղթանքների համար՝ շեշտելով, որ արցախցիների համար ազատության ֆրանսիական ուղին լավագույն օրինակներից մեկն է։
Այնուհետեւ, խորհրդարանի նախագահը եւ պատվիրակությունը մասնակցել են ֆրանսիացի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպվել էր «Ֆրանսիայում Արցախի օրեր» ծրագրի շրջանակներում։
2015 թ. մայիսի 20-ին Ֆրանսիայի Սարսել եւ Արցախի Մարտակերտ քաղաքների միջեւ ստորագրվել էր Բարեկամության հռչակագիր։




























