ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը խայտառակ իրավիճակ եւ «վհուկների սովորական որս» է անվանել իր անձնական փաստաբան Մայքլ Քոենի գրասենյակում Հետաքննությունների դաշնային բյուրոյի անցկացրած խուզարկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես հենց նոր տեղեկացա, որ նրանք ներխուժել են իմ անձնական փաստաբաններից մեկի, լավ մարդու գրասենյակ: Սա խայտառակ իրավիճակ է: Սա վհուկների իսկական որս է: Ես այս մասին վաղուց եմ խոսում»,- ասել է նա՝ պատասխանելով զինվորականների հետ հանդիպումից առաջ լրագրողների հարցերին:

Ավելի վաղ The New York Times պարբերականը, վկայակոչելով Քոենի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սթիվեն Ռայանին, հայտնել էր, որ ՀԴԲ գործակալները խուզարկել են Նյու Յորքում գրասենյակը եւ առգրավել Թրամփի հետ նրա նամակագրությունը, ինչպես նաեւ փաստաբանի կողմից նախկին պոռնոստղ Ստեֆանի Քլիֆորդին կատարած վճարումներին վերաբերող փաստաթղթերը, որը պնդում է, որ ԱՄՆ նախագահի հետ կապի մեջ է եղել:

The Washington Post պարբերականի տեղեկություններով՝ Քոենի դեմ հետաքննություն է ընթանում, նրան կասկածում են բանկային մեքենայությունների, էլեկտրոնային խարդախության եւ Թրամփի նախընտարական արշավի հետ կապված ֆինանսական խախտումների կատարման մեջ: Ըստ որում՝ նյույորքյան քննիչներն անհրաժեշտ տեղեկությունները ստացել են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերից, որը քննում է 2016 թվականի ընտրություններին ռուսական միջամտության եւ Մոսկվայի հետ Թրամփի նախընտրական շտաբի դավադրության մասին պնդումները:

Նախագահը նշել է, որ Մյուլլերի աշխատակիցներին է փոխանցվել ավելի քան միլիոն փաստաթուղթ հատուկ դատախազի աշխատանքն արագ ավարտելու համար, սակայն այն շարունակվում է: «Եվ վհուկների այս որսն արդեն 12 ամսից ավելի շարունակվում է, իսկ իրականում ավելի երկար,- շարունակել է Թրամփը: - Անկեղծ ասած, սա իսկական խայտառակություն է: Սա տառացիորեն հարձակում է մեր երկրի վրա»:

Թրամփը Քոենի գրասենյակում խուզարկությունն անվանել է «անարադարության նոր մակարդակ»: «Նրանք Ռուսաստանի հետ ոչ մի դավադրություն չեն հայտնմաբերել: Իսկ սրա պատճառն այն է, որ ընդհանրապես ոչ մի դավադրություն չի եղել»,- շարունակել է Թրամփը՝ հատուկ դատախազի աշխատակիցներին անվանելով «մարդկանց ամենակողմնակալ խումբը»: «Նրանք ներգրավված են շահերի ամենախոշոր վեճերի մեջ, որոնք երբեւէ տեսել եմ»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նա քննադատության է ենթարկել նաեւ Մյուլլերի աշխատակազմին այն բանի համար, որ հետաքննությունը չի առնչվում նախկին պետքարտուղար, անցած ընտրություններում դեմոկրատների թեկնածու իր մրցակից Հիլարի Քլինթոնին, «նրա կատարած բոլոր սարսափելի բաներին, եւ հանցագործություններին, որ իրականացվել են»: «Ես կարծում եմ, որ սա խայտառակություն է»,- շեշտել է Թրամփը: Նա քննադատել է նաեւ Արդարադատության նախարարությանը, ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, որ հրաժարվել է Ռուսաստանի հետ կապված հետաքննություններին մասնակցելուց: