ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ հնարավոր հարվածները կարող են Թուրքիայի եւ Իրանի լուրջ դժգոհության պատճառը դառնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Ընդ որում, Թեհրանի դիրքորոշումը, նրա խոսքով, ավելի կոշտ կլինի, քան՝ Անկարայինը: «Սակայն, ամեն դեպքում, դա չի բխում նաեւ Թուրքիայի շահերից: Ինչ վերաբերում է հարվածների հնարավորությանը, ապա, այո, դրանք լիովին հավանական են, սակայն ես կարծում եմ, որ դրանք կուղղվեն այն թիրախներին, որոնք ո՛չ Սիրիայի, ո՛չ Ռուսաստանի եւ ո՛չ էլ ԱՄՆ-ի համար կարեւոր չեն»,- հավելեց Սկակովը:
Հարվածները, նրա կարծիքով, կհասցվեն միայն «դեմքը պահպանելու» նպատակով, քանի որ ավելի վաղ Վաշինգտոնы չափից ավելի անպատասխանատու հայտարարություններ էր արել: Փորձագետի խոսքով՝ քանի որ ԱՄՆ-ի կողմից որեւէ իրական լուրջ գործողություններ չեն լինելու, Ռուսաստանից եւս լուրջ արձագանք չի լինի, քանի որ ՌԴ-ն շահագրգռված չէ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրմամբ:
Կողմերը, ըստ արեւելագետի, ստուգել են միմյանց կոշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը, ցույց են տվել, որ անհրաժեշտության դեպքում ի զորու են դիմել դրանց, սակայն, վախենալով հնարավոր անկանխատեսելի հետեւանքներից, որոշել են իրավիճակը հետ մղել: Այս իրավիճակը, ինչպես նշեց Ալեքսանդր Սկակովը, միայն կրկնում է Հյուսիսային Կորեայի պատմությունը, երբ Վաշինգտոնը կրկին դիմել էր սպառնալիքներին, սակայն դրանով էլ ամեն ինչ սահմանափակվեց:




























