Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 12-ին կայացած նիստում ընդունել է համապատասխան որոշում, որն ուղղված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների կարգավորմանը:
Ըստ այդմ՝ նախատեսվում է Բնակապահովման ծրագրի շրջանակում նախկին սեփականատերերին վերադարձնել կառուցապատողի կողմից ձեռքբերված թվով 232 տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ), ինչպես նաև ապահովել կառուցված 258 բնակելի տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացը:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է շարունակել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակների կիրառման փորձնական ծրագիրը՝ բնական գազի սպառման սահմանային չափաքանակի որոշման բանաձեւը թողնելով նույնը:
Նախատեսվում է նաեւ մինչեւ 2018 թ. օգոստոսի 15-ը ՀՀ կառավարություն ներկայացնել ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակի մասին առաջարկություն: Հիմնավորման համաձայն՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակը կարիք ունի վերանայման, քանի որ այն աղքատ ընտանիքներին մղում է վարել առավել խնայողական ռեժիմ, որը կարող է հանգեցնել ընտանիքի սոցիալական անվտանգության խաթարման:



























