Կախված քաղաքական գործընթացների ակտիվությունից , հանրահավաքներում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների թիվը ինտենսիվորեն ավելանում է: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին «Մարդու իրավունքների խախտումները խաղաղ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարում» թեմայի շրջանականերում խոսել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:
«2010-2012 թթ ընթացքում թվում է, թե իշխանության կողմից քաղաքացիների հանդեպ իրականացրած խոչընդոտումների թիվը նվազում է, սակայն սա բացատրվում է քաղաքական դաշտի գործունեության պասիվությամբ: Կախված քաղաքական գործընթացների ակտիվությունից, հանրահավաքներում խախտումների թիվը ինտենսիվորեն ավելանում է»,- ասաց Ռոբերտ Ռեւազյանը:
2015 թվականի Բաղրամյան պողոտայի հանրահավաքը, խաղաղ ցույցի դասակն օրինակ էր, բայց ոստիկանները առավոտյան ժամը 5-ին հարձակվեցին ակտիվիստների վրա, սկսվեցին մասսայական հետապնդումներ քաղաքացիների հանդեպ։ Բանախոսի խոսքով՝ 2016 թվականին Սասնա ծռերի գործողությունները այս ամենի հետեւանքն էին, իսկ ոստիկանները գրեթե պատժի չենթարկվեցին.
«Ոստիկանության կողմից խախտումները կամ խոչընդոտումները պատժվում էին միայն շատ աղմկահարույց դեպքերում, այն էլ թեթեւ վարչական տուգնաքներով: Իսկ բռնության դեպքերի պարագայում հարուցվում էին քրեական գործեր, որոնք որոշ ժամանակ անց կարճվում էին: Այս 10 տարիների ընթացքում իշխանությունը որդեգրել է ուժի կիրառմամբ հարցերի կարգավորման մեթոդը, սակայն, բնականաբար իշխանության ու քաղաքացիների ուժերը հավասարազոր չեն, իշխանությունը կարող է չպատժվել կատարած խախտման ու ոտնձգության համար, իսկ քաղաքացին կարող է պատժվել, եթե նույնիսկ ոչ մի սխալ չի գործել»,- ասաց Ռոբերտ Ռեւազյանը::
Բանախոսը իրավիճակի լավացման ոչ մի հուսադրող կետ չի նշում, նրա կարծիքով քաղաքական գործընթացների զարգացումները, տանելու են իրավիճակի բարդացման:



























