Հայաստանի կառավարությունը որոշել է «ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի հարյուր տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները 15 տարի ժամկետով հանձնել հավատարմագրային կառավարման: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում այսօր գործում են «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ն եւ «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:

ՀՀ առողջապահության նախարարության իրականացրած ուսումնասիրություններից պարզվել է, որ Վաղարշապատի տարածաշրջանի հիվանդանոցային ծառայություններ մատուցող հաստատությունները գործում են ցածր արդյունավետությամբ:

Բավարար չեն նաեւ հիվանդանոցի գործունեության ցուցանիշները: Ուսումնասիրությունները վկայում են նաեւ, որ հիվանդանոցի ենթակառուցվածքները չեն համապատասխանում բժշկական սպասարկմանը ներկայացվող ժամանակակից պահանջներին, բժշկական սարքավորումները եւ կահույքը մաշված են: Արդյունքում, նշված հաստատությունը գործում է թերծանրաբեռնված, ինչն էլ իր հերթին անդրադառնում է հիվանդանոցի ֆինանսական կայունության վրա:

Մրցույթը կազմակերպվելու է 2-ամսյա ընթացքում: Կարեն Կարապետյանը հորդորել է նման դեպքերի համար մցույթներն անցկացնել բաց ու թափանցիկ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ կլուծարվի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Հիմնավորման համաձայն՝ Սիսիանի բժշկական կենտրոնն ունի հետեւյալ մի շարք հիմնախնդիրները՝ թույլ լաբորատոր եւ ախտորոշիչ գործիքային համալրվածություն, առկա սարքավորումները հին են, չի ապահովում արդի բժշկական օգնության համապատասխան մակարդակ եւ որակ: