«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը»  եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները ուժով բացեցին ԵՊՀ-ի դուռը եւ մտան ներս, սակայն ոստիկանության աշխատողները լրագրողներին չեն թույլատրում Փաշինյանի հետ բարձրանալ վերեւ՝ ռեկտորի հետ հանդիպման:

«Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միզոյանն ու Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են վարում ԵՊՀ աշխատակցի հետ, որպեսզի լրագրողները կարողանան նրանց հետ բարձրանալ ԵՊՀ ռեկտորի հետռ հանդիպման:

Արարատ Միրզոյանը առաջարկեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հրավիրել իրենց մոտ՝ հանդիպման:

Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով կոչ արեց ակցիայի մասնակիցներին որեւէ գրառում չթողնել համալսարանի պատերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել, ապա գնացել դիմավորելու քայլերթով Երեւան մտնող Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որը կավարտվի ապրիլի 13-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Նանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցել ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին: