Տալլինը ծրագրում է Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցել՝ ելնելով ուժի դիրքերից, Sydney Morning Herald-ի հետ հարցազրույցում ասել է Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերը:

Նա Ռուսաստանին, մասնավորապես, մեղադրել է Ուկրաինայում ռազմական գործողությանը մասնակցելու մեջ:

«Մենք տեսել ենք, թե Ռուսաստանն ինչպես 10 տարվա ընթացքում իր հարեւանների դեմ 2 ռազմական գործողություն սկսեց. 2008 թվականին՝ Վրաստանի դեմ եւ բոլորովին վերջերս՝ Ուկրաինայի դեմ: Եթե խորը մտածենք, ապա սա շատ վախեցնող օրինակ է: XXI դարում Եվրոպայում դուք երկիր եք տեսնում, որն առանց վարանելու բանակն օգտագործում է իր քաղաքական նպատակներին հասնելու համար»,- նշել է նա:

Էստոնական դիվանագիտության ղեկավարն ընդունել է, որ Մոսկվայի հետ անհրաժեշտ է շփվել, սակայն դա պետք է անել ուժի, միասնության եւ վճռականության դիրքերից: Նա սա պատճառաբանում է այն հանգամանքով, որ տատանվելու ցանկացած նշան Մոսկվան որպես «թուլություն» է գնահատում, որից «պետք է օգտվել»:

Պարբերականը նշել է, որ Ռուսաստանն իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժությունները եւ արեւելյան թեւում դաշինքի զորքերի տեղակայումն ընկալում է որպես սադրանք: Միկսերն, իր հերթին, չի համաձայնվել սրա հետ եւ տեսակետ է հայտնել, որ «ՆԱՏՕ-ի գործողությունները էսկալացիայի չեն հանգեցնում եւ ուղղված են խաղաղության պահպանմանը»:

Դրանից զատ, Միկսերը հայտարարել է, որ կասկածում է Սոլսբերիի միջադեպին Ռուսաստանի մասնակցություն չունենալուն՝ նշելով, որ «ամեն օր նոր վարկած է հորինվում, եւ իրավիճակն ավելի է խճճվում: Դա այնքան հաճախ է կատարվում, որ պատահականությանը դժվար է հավատալ»,- եզրափակել է նա: