Երկրի մթնոլորտում ածխաթու գազի (СО2) միջին մակարդակն ապրիլին հասել է ռեկորդային բարձր՝ 410 ppm-ի, այլ կերպ ասած՝ օդի յուրաքանչյուր խորանարդ մետրում 410 մլ-ն կազմել է ածխաթթու գազը: Այսպիսի տվյալներ են ներկայացված Սան Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանին կից Սքրիփսի Օվկիանոսագիտության ինստիտուտի անցյալ շաբաթավերջի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հետազոտողների խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ 400 ppm մակարդակ է նշվել 2013 թվականին: «Մինչեւ ինդուստրիալ հեղափոխությունը մթնոլորտում СО2-ի պարունակությունը վերջին 800 հազար տարում երբեք 300 ppm-ից չի անցել»,- նշված է հայտարարության մեջ:
Հրապարակված տվյալները մեկնաբանելիս Թեխասի տեխնոլոգիական ինստիտուտից կլիմայագետ Քեթրին Հեյհոն նշել է. «Ինձ, որպես գիտնականի, տագնապ է պատճառում այն, որ մենք շարունակում ենք մեր մոլորակի հետ աննախադեպ փորձարկումը, որը մեր ունեցած միակ տունն է»:
Անցյալ տարվա հոկտեմբերին Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը հայտնելով, որ 2016 թվականին մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակն անցել է 403 ppm-ից, պատճառը համարել էր 2 գործոնի համակցումը՝ մարդկային գործունեության եւ 2015-2016 թվականներին Էլ Նինյոյի բնական ֆենոմենի, որը երաշտ էր առաջացրել արեւադարձային տարածաշրջաններում:
«Առանց СО2-ի եւ ջերմոցային այլ գազերի արտանետումների արագ կրճատման՝ մենք կընթանանք դեպի ներկայիս հարյուամյակի վերջին ջերմաստիճանի վտանգավոր աճ, շատ ավելի բարձր, քան կլիմայի Փարիզյան համաձայնագրի դրած թիրախն է»,- հայտարարել է ՀՕԿ գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը՝ նախազգուշացնելով, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա «ապագա սերունդը կժառանգի ավելի պակաս հյուրընկալ մոլորակ»:
Փարիզյան համաձայնագիրը պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը, որի գործողության ժամկետն ավարտվում է 2020 թվականին:




























