Օլիգարխ Բորիս Բերեզովսկին մեկնաբանել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի՝ Լատվիայում բնակվելու թույլտվություն ստանալու վերաբերյալ հարցումը։

«Չեմ կարող ասել, որ խղճում եմ Լուժկովին։ Նա արժանի է իր հետ կատարվածին»,- ուկրաինական «Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցում ասել է օլիգարխը։

«Ինձ այլ բան է հուզում։ Լուժկովը երկար տարիներ եղել է սուպերռուսական էլիտայի առաջին շարքերում ու հիմա նա այսպիսի ինքնաոչնչացում է ցուցադրում՝ Լատվիայում բնակվելու թույլտվություն հայցելով։ Այ քեզ «չմո»։ Նա, իհարկե, լիզեց Պուտինի մարմնի բոլոր այն մասերը, որոնք հնարավոր էր լիզել։ Եւ խաղալիք կուսակցությունը, որ կոչվում էր «Հայրենիք՝ ողջ Ռուսաստանը», նետեց նրա ոտքերի տակ։ Սա, իհարկե, քաղաքական մարմնավաճառություն է։ Այսպես են սեփական անձը տրորում բոլորի աչքի առաջ, սկզբում ապաստանն խնդրեց Անգլիայից, չտվեցին, հետո մերժեցին Լատվիայում, որի մասին նա առաջ ասում էր, թե այնտեղ ֆաշիստներ եւ ազգայնականներ են։ Սա ահավոր է»։

Օլիգարխը կարծում է, որ Լուժկովը կամ պետք է կախվի կամ կրակի ինքն իրեն։ «Ռուսաստանի արժանապատիվ մարդիկ ընտրության  առջեւ կանգնելիս կրակում էին իրենց քունքին։ Յուրի Միխայլովիչն էլ նույնկերպ պետք է վարվի»,- նկատել է Բերեզովսկին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լատվիան ավելի վաղ մերժել էր Լուժկովին  այնտեղ բնակություն հաստատելու թույլտվություն տալ՝ հիշեցնելով Մոսկվայի քաղաքապետ լինելու ժամանակ նրա կողմից հնչած արտահայտությունները։

Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում էր 18 տարի։ 2010 թվականի սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանով նա վաղաժամկետ պաշտոնանկ արվեց։