Դաշնամուրի Եվրոպական Մրցույթի նախագահ եւ ԵՄ Դաշնամուրի եվրոպական ծրագրի համակարգող Պ. Իվ Ռոբերի ղեկավարած պատվիրակությունը հունվարի 25-30-ին կայցելի Հայաստան՝ Դաշնամուրի Եվրոպական Մրցույթի մշակութային փոխանակումների շրջանակներում:

Հայաստանի Ֆրանսիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ նախապատրաստական աշխատանքներ կձեռնարկվեն համերգներ, փոխանակումներ եւ մայիս ամսին վարպետության դասընթացներ  կազմակերպելու  ուղղությամբ, որը կվարի Դաշնամուրի Եվրոպական մրցույթի գեղարվեստական տնօրեն, ֆրանսիացի դաշնակահարուհի Դանիել Լավալը:

Ֆրանսիացի դաշնակահար Ժյուլիեն Ֆորը, ով արդեն մասնակցել է Եվրոպական երեքշաբթիներ համերգներին Քիշինեւում (Մոլդավիա), ս.թ. հունվարի 27-ին համերգով հանդես կգա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, կատարելով Լիստի, Շոպենի եւ Ռավելի ստեղծագործությունները:

Համերգին կմասնակցեն նաեւ Երեւանի Կոնսերվատորիայի երեք դաշնակահարներ Իզաբելլա Մարությանը, Արտավազդ Համբարյանը եւ Աշխեն Գրիգորյանը:

Դաշնամուրի Եվրոպական ծրագիրը թույլ կտա երկու հայ դաշնակահարների վերապատրաստման դասընթաց անցնել Ֆրանսիայում (Եվրամիության ֆինանսավորմամբ) եւ մասնակցել Դաշնամուրի Եվրոպական Մրցույթին, որը կկայանա ս.թ. հոկտեմբեր 15-ից 30-ը: