Երեւանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը լրագրող Անի Գեւորգյանին չի ապտակել: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով 2014թ.-ին տեղի ունեցած դեպքին:
«Անի Գեւորգյանի կողմից տրամադրված տեսանյութը ես ուսումնասիրել եմ եւ տեսանյութում չկա որեւէ դրվագ, որտեղ Արտակ Պողոսյանը ապտակում է, ընդհանրապես Արտակ Պողոսյանը չի ապտակել: Այդ մասով նախկինում ՀՔԾ-ն վարույթ է հարուցել, դատարանում գործը կարճվել է»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Նշենք, որ Երեւանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2014թ.-ին՝ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով: Այն ժամանակ Անի Գեւորգյանը հաղորդում էր ներկայացրել, որ ոստիկանության բաժնում այն ժամանակվա Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն ամիսներ անց կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: Անցնլով ներպետական բոլոր ատյաններով` լրագրող Անի Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:





























