News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը ամբարտավան ոճով է շարունակում գործել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Արտակ Պողոսյանին Երեւանի ոստիկանապետ նշանակելու վերաբերյալ  սոցցանցերում ծավալված բուռն քննադատություններին:

Նշենք, որ Արտակ Պողոսյանը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2014 թվականին, լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով: Այն ժամանակ Անի Գեւորգյանը հաղորդում էր ներկայացրել, որ ոստիկանության բաժնում այն ժամանակվա Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել է իր դեմքին: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն ամիսներ անց կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: Անցնելով ներպետական բոլոր ատյաններով՝ լրագրող Անի Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ագրեսիվ, ամբարտավան պատասխան է ոստիկանությունը տվել լրագրող Անի Գեւորգյանի միջադեպի հետ կապված: Ոստիկանությունը շարունակում է նախկին ոճով գործել եւ պարզ երեւում է, որ ոստիկանությունը պատրաստ չէ փոփոխությունների, պատրաստ չէ տարիներ շարունակ իր անպատժելի կարգավիճակը, համբավը փոխելուն»,- ասաց նա:

Ոստիկանությունը այս առնչությամբ հետեւյալ հաղորդագրությունն է տարածել:

«Պարզաբանում ենք, որ հոդվածում հիշատակված քրեական գործը դեռևս 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով հարուցվել է հանցափաստի, այսինքն՝ անձի հաղորդման հիման վրա, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին անգամ մեղադրանք չի առաջադրվել: Նշված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հարգել պետական բարձրաստիճան պաշտոնյաի անմեղության կանխավարկածը, իրավական հարթությունից դուրս՝ անհարկի մեկնաբանություններով և հուզական ձևակերպումով կասկածի տակ չդնել արդեն իսկ պատշաճ իրավական գնահատականի արժանացած քրեական վարույթի արդյունքները և նախաքննության մարմնի օբյեկտիվությունը»,- հայտարարել է ոստիկանությունը:

Տպել
Ամենաշատ