Գերմանիայի բնակիչների միայն 46 տոկոսն է կարծում, թե կապիտալիստական համակարգը լավ է գործում եւ այն պետք է պահպանել, հաղորդում է ֆրանսիական La Croix-ն` հղում անելով հասարակական կարծիքի ուսումնասիրման Ifop ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին:

Գերմանացիների 42 տոկոսը հայտարարել է, որ կապիտալիզմն առավելապես վատ է գործում, քան լավ, սակայն այն պետք է պահպանել, քանի որ այլընտրանք չկա:

Գերմանիայի քաղաքացիների 12 տոկոսը վստահ է, որ կապիտալիստական համակարգը բանի պետք չէ եւ դրանից պետք է ազատվել:

La Croix-ն նշում է, որ հարցումը պարադոքսալ միտումներ է բացահայտել: Պարզվում է` կապիտալիզմն առավելագույն կողմնակիցներ ունի պաշտոնապես կոմունիստական Չինաստանում: Իսկ կապիտալիզմի դեմ առավել բացասաբար են տրամադրված ֆրանսիացիները, որոնց 33 տոկոսը պահանջում է հրաժեշտ տալ կապիտալիզմին:

Ifop-ի հետազոտությանը մասնակցել են 10 երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ավստրալիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները: