Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն, ի սկզբանե, երկու ելք ուներ. Կա՜մ իրականում սկսվում էին հարաբերություններ, բացվում էին սահմանները, մենք սկսում էինք խոսել մեր խնդիրների մասին, կա՜մ անարդյունք էին լինում: Բայց, ինչպես ասում են, բացասական արդյունքը եւս արդյունք է: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով, որ արդյունքի բացակայությունը չի պարտադրում չմտածել այդ խնդրի մասին:
«Մեր բարեկամները մշտապես խոսում էին այն մասին, որ հայ-թուրքական խնդրի լուծմամբ շահագրգռված մարդկանց համար մինչեւ վերջ հասկանալի չէ, թե ով չի ուզում լուծում: Այնինչ ողջ հայության համար միանշանակ պարզ էր, որ այդ խնդրի լուծումը կախված էր Թուրքիայից»,- ընդգծել է ՀՀ նախագահը, նշելով, որ խոսքը Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին չէ:
«Հարաբերությունների բացակայության պայմաններում միջազգային հանրության մի մասն, այնուամենայնիվ, մեղադրում էր նաեւ Հայաստանին, համարելով, որ հայերն ապրում են միայն անցյալով, որ եղել է ցեղասպանություն եւ այսօր հայերը նախապայման են դնում, իբր, ճանաչեք ցեղասպանությունը, հետո կսկսենք հարաբերություններ: Դա որոշակի դժվարություններ էր ստեղծել: Բացասական արդյունքն ապացուցեց, որ դա այդպես չէ, որ իրականում Հայաստանի ղեկավարությունը, հայերը իրենց մեջ ուժ են գտել թուրքերի հետ շփման գնալ առանց նախապայմանների: Իսկ հետո, ստացվեց-չստացվեց, դա մի փոքր այլ խոսակցություն է: Եթե խոսենք նախապայմանների մասին, ապա ե՜ւ բարոյական ե՜ւ քաղաքական ե՜ւ իրավական առումով մենք ավելի շատ իրավունք ունեինք նախապայմաններ ներկայացնել»,- հիշեցրել է Սերժ Սարգսյանը, կրկնելով, որ Հայաստանն իր մեջ ուժ գտավ գնալ քաղաքակիրթ ճանապարհով:
«Ամենասկզբից, կարծես, ամեն ինչ հարթ էր ընթանում, որեւէ նախապայմանի մասին խոսք չէր գնում, սակայն, երբ մենք վավերացրեցինք այդ ծրագրերը, իսկ այդ ժամանակ նախանցած տարվա մարտ ամիսն էր, թուրքերն սկսեցին խոսել ինչ-որ նախապայմանների մասին։ Ապրիլի սկզբին, երբ Ստամբուլ ժամանեց ԱՄՆ նախագահ Օբաման, նրա մեկնումից հետո Թուրքիայի վարչապետն սկսեց խոսել ինչ-որ նախապայմանների մասին՝ ղարաբաղյան եւ այլ հարցերում զիջումներից, ինչը մեզ համար, իհարկե, անընդունելի է։ Մենք այդ ամբողջ ընթացքում ասում էինք, որ թուրքերը չեն ցանկանում արձանագրությունները վավերացնել, որ նրանք չեն ցանկանում հարաբերություններ հաստատել։
Արձանագրությունների ստորագրման ժամանակ ներկա էին Ռուսաստանի արտգործնախարարը, ԱՄՆ պետքարտուղարը, Ֆրանսիայի արտգործնախարարը, Եվրամիության ներկայացուցիչները։ Նրանց ներկայությամբ է ստորագրվել արձանագրությունները, եւ դրանք պետք է վավերացվեին Թուրքիայի խորհրդարանում, եւ հետո մեր խորհրդարանում։ Ահա դրանից հետո թուրքերը խոսեցին այն մասին, որ իրենք դեռեւս հնարավորություն չունեն վավերացնելու այդ արձանագրությունները»,- ասել է Հայաստանի նախագահը՝ նշելով, որ Թուրքիայի նման վարքը ստիպեց հայկական կողմին կասեցնել վավերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում:
Խոսելով կասեցված գործընթացի հնարավոր վերսկսման մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ թուրքերը վավերացնեն արձանագրություններն առանց որեւէ նախապայմանի։ «Չէ որ նրանք միջազգային պարտավորություններ են ստանձնել, ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեն եւ ի կատար ածվեն։ Մենք պատրաստ չենք նոր բանակցությունների, կամ այդ արձանագրություններում որեւէ միակողմանի փոփոխության։ Նոր բանակցություններ սկսելու իմաստ չեմ տեսնում։ Ինչի՞ մասին մենք պետք է խոսենք։ Այն մասին, որ թուրքերը նախապայմաններ առաջադրեն, իսկ մենք ասենք, որ դրանք մեր համար անընդունելի՞ են։ Իմաստ չեմ տեսնում։ Միակ առաջարկը կարող է լինել, թուրքերի կողմից այդ արձանագրությունների վավերացումն իրենց խորհրդարանում։ Եթե այսպես շարունակվի, ապա հնարավոր է մենք մի ելք ունենանք. պարզապես հետ կանչենք մեր ստորագրությունը արձանագրություններից, եւ այդ ժամանակ, նույնիսկ եթե Թուրքիան վավերացնի փաստաթուղթը, ապա այն որեւէ ուժ չի ունենա։ Ինչո՞ւ ես այդ մասին չեմ խոսում։
Նույնիսկ այժմ, երբ գնդակը գտնվում է թուրքերի կիսադաշտում, միեւնույն է, նրանք փորձում են խառնվել ղարաբաղյան, եւ այլ գործընթացների։ Խոսում են տարածաշրջանում ինչ-որ լիդերության, նեոօսմանիզմի մասին։ Տարածաշրջանում լիդեր կարող է լինել այն պետությունը, որը խնդիրներ չունի հարեւանների հետ։ Այն քաղաքականությունը, որ թուրքերը հայտարարել են՝ զրոյական խնդիրների քաղաքականությունը, իրականում նպաստավոր լուծումներ է ենթադրում միայն իրենց համար, բայց չէ՞ որ այդպես չի լինում։ Մենք հասկանում ենք, որ Թուրքիան մեծ պետություն է, որ նրա տնտեսությունը մեծ աճ է գրանցել վերջին տարիներին, որ Թուրքիան G20-ի անդամ է, մենք այդ ամբողջը հասկանում ենք։ Բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է մեր դաստիարակի դերում հանդես գան։ Նրանք մեզ ցուցում տվող չեն։ Եթե նրանք ցանկանում են տարածաշրջանում ինչ-որ գործընթացների վրա ազդելու հնարավորություն ունենալ, ապա պետք է կառուցողական լինեն։ Ի՞նչ է նշանակում նեոօսմանիզմը։ Այդ խոսակցությունները մենք, իսկ մենք ասելով նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ծանոթ են Օսմանյան կայսրության պատմությանը, ընկալում ենք ճիշտ այնպես, ինչպես համակենտրոնացման ճամբարներում ոչնչացվածների սերունդներն են ընկալում արիական ցեղի մաքրության մասին խոսակցությունները։ Իրենց պետության, ժողովրդի համար նրանք կարող են խոսել ինչ ցանկանան, բայց այդպես խոսել եւ միեւնույն ժամանակ ձգտել տարածաշրջանում լիդերության, դա մեզ համար անընդունելի է»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը։




























