Երբ երկու բանակներ խրամատներում դեմ դիմաց կանգնած են եւ անընդհատ զինվում են, ռազմական գործողությունների հավանականությունը միշտ էլ բարձր է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով քննարկմանը հայտարարեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Այս պարագայում առանցքային է, թե հայկական կողմը հնարավորություն տալո՞ւ է ադրբեջանական կողմին որեւէ մասշտաբի ռազմական գործողություն անել, թե՞ ոչ։ Այս տեսանկյունից Նախիջեւանում, երբ մեր զինուժը պատասխանել է դիրքերն ամրացնելու փորձին, ես համարում եմ շատ կարեւոր քայլ, քանի որ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանն այնտեղ հանգիստ գործելու հնարավորություն ստանա։ Սա միայն ռազմական պատասխանի հարց չէ, այլ նաեւ քաղաքական կշռի հարց, քանի որ սրանով նաեւ Հայաստանը պիտի դիվանագիտական խաղաքարտեր ունենա արդեն արտաքին կենտրոնների հետ խնդիրներն արծարծելու հարցում»,- շեշտեց նա։
Ռազմական լայնածավալ գործողությունները Հակոբ Բադալյանը բացառում է, քանի որ, նրա կարծիքով, դա չի լինելու պարզապես պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, այլ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմ. «Ալիեւը հիմա մկանների ցուցադրությամբ փորձում է իր հոգեբանական եւ շանտաժի քաղաքականությունն առաջ տանել։ Դա պայմանավորված է նրանով, որ Ալիեւն այլ բան հիմա չունի անելու։ Միակ խաղաքարտը մնացել է զենքերը, դրանք ցուցադրելը եւ պատերազմով սպառնալը»։
Բադալյանի խոսքով՝ բանակցություններն անիմաստ են դառնում, երբ Ադրբեջանը հայտարարում է՝ կա՛մ Հայաստանը տալիս է ամեն ինչ, կա՛մ չենք բանակցում։ «Բանակցային գործընթաց կարող է լինել մի հարցի շուրջ. արդյո՞ք Ադրբեջանը կստորագրի պարտավորություն, որ զենքի կիրառումը բացառվում է, այսինքն՝ Վիեննայի օրակարգի շուրջ»,- ասաց քաղաքական մեկնաբանը։
Ապրիլյան պատերազմից հետո, Բադալյանի խոսքով, բոլորը հասկացան, որ մենք պարտադրված ենք պաշտպանել արցախյան առաջին պատերազմում մեր արդյունքը. «Այդ արդյունքը հնարավոր է վերանայել նոր պատերազմով։ Մենք խաղաղություն կարող ենք ապահովել միայն անընդհատ պատերազմի պատրաստվելով։ Պարզ է, որ այդ երկրի հետ հնարավոր չէ պայմանավորվել ոչ մի հարցում»։
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Ադրբեջանի հետ մենք խոսելիք չունենք. «Պետք է մեր քաղաքական դիրքերն ուժեղացնենք։ Մեր խոսելիքը Ադրբեջանի հետ չէ, Ադրբեջանը պատրաստ չէ դրան։ Մեր խոսելիքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ է, Իրանի հետ է, նույնիսկ Թուրքիայի հետ է»։





























