Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը ՌԴ պետդումայի պատգամավոր, «Ռուսաստան-Ադրբեջան» բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Սավելեւի  կողմից Ադրբեջանում արված սադրիչ հայտարարության առնչությամբ հանդես է եկել  հայտարարությամբ։

«Ղարաբաղյան հակամարտության հարցով օրերս ՌԴ պետդումայի պատգամավոր, «Ռուսաստան-Ադրբեջան» բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Սավելեւի հայտարարությունը սոցիալական ցանցում ու լրատվամիջոցներում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել։ Այդ առնչությամբ պետք է ուշադրություն  դարձնել հետեւյալ հարցերին՝

Ռուս պատգամավորի հայտարարությունները չի կարելի անուշադրության մատնել եւ դրանք վերագրել հերթական պոպուլիստական ելույթներին, հատկապես ստեղծված այն բարդ իրավիճակում, երբ մեր տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանումն այդքան կարեւոր է դառնում։

Ռուս պատգամավորի խոսքերը չեն կարող ընդունվել զսպվածությամբ՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը եւ շփման գծում սադրանքները, ինչի հետեւանքով շարունակում են զոհվել առաջնագծում կանգնած մեր երիտասարդ զինծառայողները: Այդ հայտարարություններում ակնհայտ է դառնում նաեւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ռուսական կողմի գործադրած երկար տարիների բազմակողմանի ջանքերի նկատմամբ երկրի բարձրագույն ղեկավարության արհամարհանքը։

Ռուս պատգամավորը պետք է հասկանա, որ մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր բառ կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի սրման վտանգները՝ սպառնելով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Կարծում ենք, որ դրա հետ կհամաձայնեն նաեւ ռուս խորհրդարանականները, մասնավորապես՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում իրենց հայտարարություններում մշտապես հանդես են եկել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ պահպանման կարեւորությունից ելնելով»,–ասված է հայտարարությունում։