Իսրայել-Լիբանան սահմանին տեղակայված արգելոցի տարածքի ժայռի կատարին գտնվող քարանձավում իսրայելցի հնագետները հայտնաբերել են գինու անխաթար սափորներ, կերակուր պատրաստելու կերամիկական անոթներ, ինչպես նաեւ խոհանոցային պարագաներ, որոնց տարիքը կազմում է 2 հազար տարուց ավելի, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի Հնությունների վարչությանը:
Վարչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ հետազոտողները «քարանձավ են բարձրացել ճոպաններով եւ սահմանափակ տարածքում համակարգված ջանքերի շնորհիվ կարողացել են իրականացնել հնագիտական պեղումներ, որոնց ընթացքում դուրս են բերվել 2 ձեռք չտված գինու սափորներ, մի քանի կերամիկական ափսեներ, կերակուր պատրաստելու կճուճ, երկու կուժ եւ եւս մի քանի անոթների բեկորներ»:
«Արտեֆակտները փաթաթել են հատուկ պաշտպանական պլաստիկով եւ 30 մետր ներքեւ են իջեցրել ճոպաններով փափուկ ներքնակի վրա»,- հայտնել են գերատեսչությունից: Այնուհետեւ «գտածոն ձեռքով տեղափոխել են ավտոմեքենա», հավելել են հնագետները: Գործողությունը համակարգել է Իսրայելի Պաշտպանության բանակը, քանի որ քարանձավը գտնվում է Լբանանին սահմանին մոտ: Դրանից զատ, փորձագետները պեղումներ անցկացնելու թույլտվություն են ստացել Հրեական պետության ազգային արգելոցների վարչությունից:
«Առաջին գնահատականների համաձայն՝ խոսքը վերաբերում է հելլենական դարաշրջանին՝ մ.թ.ա. 3-րդ եւ 1-ին դարերի միջեւ, պատկանող կերամիկական անոթներին,- ասել է Վարչության հնագետ Դանի Սայոնը: - Հաշվի առնելով, որ խոսքը սնունդը պահելու եւ մատուցելու ափսեի մասին է, կարելի է ասել, որ նրանք, ովքեր այն բերել են այս քարանձավ, մտադիր էին որոշ ժամանակ այնտեղ բնակվել: Հավանաբար, նրանք ստիպված են եղել փախչել այս շրջանում տեղի ունեցած ողբերգական ինչ-որ իրադարձության պատճառով»:
Գիտնականի խոսքով՝ հետազոտողները հույս ունեն, որ գտածոյի առավել ճշգրիտ թվագրությունը թույլ կտա դրանք կապել հայտնի պատմական իրադարձություններին:





























