ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 26-ի իր նիստում հավանություն տվեց «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորների նախաձեռնած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
Փաստաթուղթը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ նշելով. «Օրենքով ներկայումս սահմանված է, որ անդամները կարող են լինել տվյալ ճյուղում տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները: Նախագծով առաջարկվում է փոփոխել դրույթը՝ հնարավորություն տալով տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող գործատուների մոտ աշխատողներին անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու»:
Նա ընդգծեց, որ օրինագծի հիմնավորումներում նշվում է, որ որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, բայց նաեւ որպես գործատուի աշխատող, արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով: Այսինքն՝ արհմիության լիազորված ներկայացուցիչները, լինելով գործատուի աշխատողներ, օգտվելով գործատուի գույքից, նրա կապի եւ տրանսպորտի միջոցներից, չեն կարողանում իրենց՝ որպես արհմիության անդամի լիազորությունները անկախ եւ օբյեկտիվ իրականացնել:
Բացի այդ, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիության անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից:
Փորձը ցույց է տալիս, որ գործատուի մոտ գործող արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց:
Նախագծով առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար:
Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ նախագիծն իրենց կողմից ընդունելի է, որովհետեւ հնարավորություն է տալիս արհմիություններին անկախ գործելու:
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ նախատեսվո՞ւմ է օրենքի ամբողջական փոփոխություն: «Ներկայումս, երբ քննարկում ենք տարբեր խնդիրներ, հանգում ենք նրան, որ օրենքը թերի է, այս ոլորտում զարգացում չկա: Ուսուցիչների, դասախոսների արհեստակցական միություններով ես զբաղվել եմ եւ տեսել շատ թերություններ»,- ասաց ԿԳ նախարարը:
Մանե Թանդիլյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է անցկացնել արհմիությունների օրենքի թերություններին նվիրված համաժողով:
«Աշխատանքները նախաձեռնված են»,- ասաց Թանդիլյանը եւ հրավիրեց Արայիկ հարությունյանինմասնակցելու այդ քննարկմանը:
Կառավարությունը միաձայն կողմ քվեարկեց նախագծին:





























