Ուկրաինայի Զապորոժիեի մարզային դատախազությունը դատարան է ուղարկել Օդեսայի երեք բնակիչների դեմ հարուցված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, որոնք անցյալ տարվա հոկտեմբերի 2–ին նախնական համաձայնությամբ մահափորձ են կատարել Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահ Արտաշես Սարգսյանի դեմ։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ նշված խմբավորման հանցակիցներից մեկը 2016 թվականի մարտին կատարել է  Օդեսայի մարզխորհրդի «Բատկիվշչինայից» ընտրված  նախկին պատգամավոր, ձեռնարկատեր Նիկոլայ Ատամնայուկի պատվիրված սպանությունը։

Հիշեցնենք, որ Զապորոժիեի հայերի ղեկավարին փորձել էին սպանել 2017 թվականի հոկտեմբերի 2–ին, երբ Սարգսյանը գրասենյակ էր գնում։ Նրան հասցրել է ծածկել թիկնապահը, որը վիրավորվել էր փորից։ Կրակոցը կատարվել էր դիպուկահար հրացանով, որը անհայտ անձը արտասահմանյան համարներով մեքենայի հետ թողել էր մահափորձի վայրից ոչ հեռու։