ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինվորների մասունքները փոխանցելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ ՌՕՈՒ տրանսպորտային օդանավը՝ զոհված զինծառայողների մասունքներով թռչել է Հյուսիսային Կորեայից Հարավային Կորեայի ավիաբազա:

«Կիմ Չեն Ըն, շնորհակալություն»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպմանը պայմանավորվել էին Կորեական պատերազմի ժամանակ զոհված կամ անհետ կորած ամերիկացի զինծառայողների մասունքների որոնման մասին:

1950-1953 թվականներին Կորեական պատերազմում զոհված ամերիկացիների թիվը, հաշվի առնելով անհետ կորածներին, կազմում է 36,6 հազար մարդ: Պենտագոնի տվյալներով՝ նրանցից մոտ 5 հազարի աճյունները գտնվում են Հյուսիսային Կորեայի տարածքում:

1950-1953 թվականների Կորեական պատերազմից հետո ԱՄՆ-ն եւ Հյուսիսային Կորեան պաշտոնապես պատերազական վիճակում են, քանի որ նրանց միջեւ սրորագրվել է միայն հրադադարի մասին համաձայնագիրը: Այդ ժամանակ Հարավային Կորեան ընդհանրապես հրաժարվել էր հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրելուց, եւ միայն 1992 թվականին կորեական 2 պետությունների միջեւ ուժի մեջ է մտել հրադադարի, միմյանց վրա չհարձակվելու, փոխանակումների եւ համագործակցության մասին համաձայնագիրը: