Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը հայտարարեց, որ գործարանը «ռեյդերային զավթման զոհ է դարձել «Պարգեւ» ՍՊԸ-ի կողմից», ինչի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի նշված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով։
Նշվածի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է «Պարգեւ» ՍՊԸ-ի շահերը ներկայացնող «Ավենյու Քընսալթին Գրուպ» խորհրդատվական ընկերության գործընկեր, փաստաբան Հովհաննես Չամսարյանի հետ։
Պարոն Չամսարյան, ի՞նչ է իրականում տեղի ունեցել եւ ի՞նչ իրավական հիմքեր ունի «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը նման հայտարարություններ անելու համար։
Նախ նշեմ, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի կողմից կատարված հայտարարությունը զուրկ է որեւէ իրավական հիմքից։
«Պարգեւ» ՍՊԸ-ն «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին տարբեր ժամանակներում մատակարարել է տարբեր ապրանքներ, որոնց դիմած «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն կուտակել է պարտք մոտ 700 միլիոն ՀՀ դրամի չափով։ Երկու ընկերությունների միջեւ պարտքի մարման վերաբերյալ տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ժամանակ «Աշտարակ կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը առաջարկել է ի կատարումն «Պարգեւ» ՍՊԸ հանդեպ ունեցած պարտավորության գրավադրել Աշտարակ Կաթ ապրանքային նշանը, որի հիման վրա «Աշտարակ կաթ» ՓԲԸ եւ «Պարգեւ» ՍՊԸ միջեւ կնքվել է գրավի պայմանագիր։
Որոշ ժամանակ անց «Պարգեւ» ՍՊԸ-ն, գնահատելով Աշտարակ Կաթ ապրանքային նշանի իրացվելիությունը շուկայում, եկել է այն եզրահանգման, որ նշված ապրանքային նշանի արժեքը էականորեն նվազել է, ինչի արդյունքում առաջացել է պարտավորության չկատարման նոր ռիսկեր։ Նշվածի արդյունքում երկու ընկերությունների միջեւ կրկին տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ժամանակ «Աշտարակ կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը առաջարկել է «Պարգեւ» ՍՊԸ-ին կառավարել «Աշտարակ կաթ» ընկերությունը, իրականացնել արտադրանք եւ բարձրացնել Աշտարակ Կաթ ապրանքային նշանի արժեքը եւ դրա իրացվելիությունը տեղական շուկայում։ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ «Պարգեւ» ՍՊԸ-ն 2016 թվականի նոյեմբեր ամսից սկսել է շահագործել Աշտարակ կաթ ապրանքային նշանը, սակայն մոտ մեկ ամիս անց «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն դատարանի վճռով ճանաչվել է սնանկ։
Ի՞նչ հիմքով է հարուցվել սնանկության վարույթը եւ ո՞վ է սնանկության պահանջով դիմել դատարան։
«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն ունեցել է պարտավորություն նաեւ թուրքական «Մանտրա մակինա լիմիթեդ» ընկերության նկատմամբ։ Նշված ընկերությունը «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով դիմել է դատարան, ինչի արդյունքում դատարանը բավարարել է դիմումը եւ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ։ Սնանկության վարույթի ընթացքում ներկայացված պահանջներից պարզ է դարձել, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն ունի բազմաթիվ պարտավորություններ, որոնցից խոշորներն են՝ պետության նկատմամբ հարկային պարտավորությունը մոտ 1 միլիարդ դրամի չափով եւ բանկերից մեկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունը՝ մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։ Ըստ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված տեղեկությունների «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի պարտատերերի քանակը մոտ 300 է։
Այժմ ի՞նչ հիմքով է «Պարգեւ» ՍՊԸ-ն շահագործում Աշտարակ Կաթ ապրանքային նշանը եւ ու՞մ է այն այս պահին պատկանում։
Աշտարակ կաթ ապրանքային նշանը սեփականության իրավունքով պատկանում է «Պարգեւ» ՍՊԸ-ին։ Ինչպես արդեն նշեցի՝ ապրանքային նշանը գրավադրված է եղել հօգուտ «Պարգեւ» ՍՊԸ-ի՝ ի ապահովումն «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի ունեցած պարտավորության կատարման։ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի սնանկ ճանաչվելուց հետո «Պարգեւ» ՍՊԸ-ն սնանկության վարույթում ներկայացրել է պահանջ՝ գրավով ապահովված, որը գրանցել է դատարանի կողմից։ Այնուհետ սնանկության վարույթի համապատասխան փուլում սնանկության կառավարչի կողմից անկախ գնահատողի միջոցով իրականացվել է գրավադրված գույքի գնահատում։
«Պարգեւ» ՍՊԸ-ն, ծանոթանալով գնահատման եզրակացությանը, պարզել է, որ գրավադրված ապրանքային նշանի շուկայական արժեքը հավասար է իր պահանջին։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան: Նշվածի արդյունքում «Պարգեւ» ՍՊԸ-ն, հիմք ընդունելով նշված իրավական նորմը, միջնորդել է դատարանին գրավի առարկան ի սեփականություն հանձնել իրեն։ Դատարանը բավարարել է միջնորդությունը եւ գրավի առարկան հանձնել «Պարգեւ» ՍՊԸ-ին, որի արդյունքում Մտավոր սեփականության գործակալությունում կատարվել է համապատասխան պետական գրանցում։
Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը բարձրաձայնում է իր խախտված իրավունքների մասին եւ ինչո՞ւ չի դիմել իրավապահ մարմիններին։
Այդ հարցին միանշանակ պատասխանը կարող է տալ բացառապես Աշոտ Ափոյանը։ Իսկ ինչ վերաբերում է դրա առնչությամբ իմ գնահատականին, ապա կարծում եմ, որ պատճառները կարող են լինել մի քանիսը. Առաջին՝ այն հանգամանքը, որ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել անմիջականորեն, այլ այդ տեղեկությունները տարածել են մամուլի միջոցով, գնահատում եմ որպես սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից խուսափել, ինչը ենթադրաբար գալիս է հաստատելու տարածված տեղեկությունների իրականությանը չհամապատասխանելու փաստը։ Բացի այդ, երկրում իրավիճակի փոփոխության ֆոնին Աշոտ Ափոյանի, ինչպես նաեւ հնարավոր այլ շահագրգիռ կողմերի կողմից, կարծում ենք փորձ է կատարվում այս իրավիճակը ծառայեցնեն իրենց ոչ իրավաչափ եւ անտրամաբանական պահանջներին։
Ուշագրավը այն է, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն սնանկության վարույթի շրջանակներում որեւէ անգամ չի առարկել «Պարգեւ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պահանջի դեմ, գրավի առարկան ի սեփականության հանձնելու մասին միջնորդության դեմ, չի բողոքարկել գրավի առարկան ի սեփականության հանձնելու մասին դատարանի որոշումը, որեւէ անգամ պահանջ չի ներկայացրել գործարանի տարածքը ազատելու համար, դրանով իսկ փաստելով, որ «Պարգեւ» ՍՊԸ-ն չի իրականցրել որեւէ ապօրինի գործողություն, ընդունելով, որ «Պարգեւ» ՍՊԸ-ի գրավով ապահովված պահանջը օրինական է։





























