400 000-ից ավելի մարդ աշխատում է գյուղական համայնքներում, իսկ գյուղական աշխատանքի արտադրողականությունը ամսական կազմում է շուրջ 550 դոլար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» քննարկման ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Արդյունաբերության ոլորտում այդ ցուցանիշը 2200 դոլար է: Ամսական գյուղական համայնքներում աշխատանքի արտադրության այս չափը խայտառակություն է: Կամ մենք չգիտենք, թե որքան է աշխատանքի արտադրողականությունը գյուղում, կամ եթե այդքան է իսկապես, ապա իմաստազրկվում է գյուղում աշխատելը»,-ասաց նա:
Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաեւ հարկային օրենսդրության եւ վարչարարության մասին՝ նշելով, որ գյուղական համայնքներում փոքր կրպակներից ու խանութներից բողոքներ կան, որ դժվարությունների առջեւ են հայտնվել. «Պատճառն այն է, որ նախկինում ապրանքի մատակարարման համար պետք է փաստաթղթավորվեին, շրջանառությունը մեծ էր, բայց մի մասն էին ցույց տալիս, մի մասն էլ ՀԴՄ խփում: Արդյունքում հարկերը քիչ էին, բայց շրջանառությունը կար, գոյատեւում էին: Հիմա երբ որ մատակարարներն ամբողջ ապրանքը փաստաթղթավորում են, ստիպված բոլորը ՀԴՄ-ները պետք է խփեն, չեն կարող չխփել: Դրա արդյունքում տնտեսվարողի հարկերն աճել են, իսկ շրջանառությունը մնացել է նույնը, ու խանութները փակվում են»,-ասաց նա:
Մելքումյանն առաջարկեց, որ պետք է արձագանքել դրան առնվազն հարկերն իջեցնելու տեսքով:
Բացի այդ պատգամավորը նշեց, որ Երեւանում պաշտոնապես կենտրոնացված է մանրածախ առեւտրի 80 տոկոսը եւ արդյունաբերության 60 տոկոսը. «Պետք է տեսնենք, այստեղ տեղաշարժեր կարողանում ենք անել, թե ոչ»:





























