2019 թվականի հունվարից «Թթվասերիկը» կանհետանա հայկական վաճառասեղաններից: Սա կապված է ԵՏՄ երկրներում կաթ պարունակող մթերքների պարտադիր մակնշման կանոնների հետ, որոնք ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա հուլիսի 16-ից: Այս մասին հուլիսի 30-ին կաթնամթերք արտադրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության եւ որակի վերահսկողության տեսչության ղեկավար Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այսուհետեւ գնորդներին շփոթության չմատնելու համար արտադրողները պարտավոր են փաթեթի վրա տեղեկություններ նշել կաթնային յուղին փոխարինողների օգտագործման մասին, առաջին հերթին բուսական յուղի հիմքով պատրաստվածների: Այսպիսով փաթեթի վրա պետք է նշվի «կաթ պարունակող մթերք կաթնային յուղի փոխարինիչով», եւ «պարունակում է բուսական յուղեր» գրառումը: Այս գրառումները փաթեթի վրա պետք է կատարվեն 2,5-3 մմ-ից ոչ պակաս չափի տառատեսակով:

Դրանից զատ, արտադրողները պարտավորվում են փաթեթի վրա մակնշում կատարել, որը տեղեկություն է պարունակում ոչ կաթնային յուղի զանգվածի մասին (տոկոսային հարաբերակցությամբ):

Դանիելյանը հատուկ նշեց, որ գնորդներին շփոթության մատնող անվանումների օգտագործումն արգելվում է: Այսպիսով, «Թթվասերիկը», «Պանրիկը» եւ այլն կվերանվանվեն  «կաթ պարունակող մթերքների»: Ընդգծվեց, որ բուսական յուղերի օգտագործմամբ մթերքների արտադրությունը ավելի էժան է, ինչը, բնականաբար, պետք է անդրադառնա դրանց վերջնական գնի վրա:

Դանիելյանի խոսքով՝ պետք է իրականացվի նաեւ յուղայնության, կալորիականության եւ փաթեթի վրա նշված վերջնական արտադրանքի այլ ցուցանիշների համապատասխանության հստակ վերահսկողություն:

Մինչեւ 2019-ի հունվարի 19-ը հայ կաթնամթերք արտադրողները պարտավոր են իրենց արտադրանքն ամբողջությամբ համապատասխանեցել պարտադիր մակնշման  այս կանոններին: