Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվանից ուղիղ 3 տարի է անցել: Այս գործով 2 ամբաստանյալի մասով դատաքննությունը շարունակվում է, ինչպես նաեւ չի ավարտվել անջատված մասով նախաքննությունը:
26-ամյա Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելով «Շենգավիթ» ԲԿ: 2 օր անց մահացել էր նաեւ Մերիի փոքրիկը: Մերի Մարգարյանի հղիությունը վարած, «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի ու 2015թ.-ի հուլիսի 25-ի հերթապահ Անի Բաբելյանի մասով դատաքննությունը շարունակվում է: Դատավոր Դավիթ Բալայանը, գործով կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է նշանակել: Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են. «2018թ.-ի մարտի 28-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Տիգրան Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին եւ մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ ներկայումս քրեական գործի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն կարող տրամադրվել»:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը 2015թ.-ի հուլիսի 26-ին եղել է հերթապահ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե արդյոք ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ մեղավորություն ունեն նաեւ ծննդատան տնօրենի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը, հուլիսի 26-ի հերթապահ ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը: Ի դեպ, խոսքը միայն 2015թ.-ի հուլիսի 26-ից հուլիսի 27-ին առավոտյան ժամը 09:00-ին է վերաբերվում:



























