Համայնքներում ցանկացած ծրագիր, եթե բախվում է համայնքի մասին չմտածող համայնքի ղեկավարին, արդյունք չի տալու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» քննարկման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Դավիթ Գեւորգյանը։

«Ինչ ծրագիր էլ մտածենք, եթե գնալու է, բախվի անտարբեր համայնքի բնակչին, գնալու է բախվի համայնքի մասին չմտածող համայնքի ղեկավարին, մենք արդյունք չենք ստանալու, փաստացի ունենք այդ խնդիրը»,–նկատեց նա։

Փոխնախարարի խոսքով՝ վերոհիշյալ խնդիրը դրեւորվում է նաեւ սուբվենցիաների ծրագրի պարագայում. «Սուբվենցիաների ծրագիրը հրաշալի  ծրագիր է, տարբերակված է ըստ համայնքային բյուջեի: Տնտեսական բնույթի  ծրագրերը կառավարությունը համաֆինանսավորում է 60 տոկոսով, սոցիալական բնույթի ծրագրերը՝  40 տոկոսով: Բայց տեսեք՝ ինչ խնդիր ունենք այստեղ, ինչ պատկեր՝ 6000 հոգանոց համայնքը 300 միլիոնից ավելի 6-7 սուբվենցիայի ծրագրի հայտ է ներկայացրել, բայց 30 հազարանոց համայնքը, որ ավելի լավ վիճակում է, ոչ մի հայտ չի ներկայացրել»։

Նա շեշտեց համայնքների անկախության տրամաբանությունը՝ հավելելով, որ կառավարությունը չի կարող կարգադրել համայնքներին՝ ինչ խնդիր լուծել. «Խնդիրն այն է, որ համայնքը պետք է որոշի՝ ինչ խնդիր ունի, որ թե կառավարությունը պետք է ասի համայնքին, որ նա ունի խմելու ջրի խնդիրը պետք է լուծես: Սա համայնքների անկախության տրամաբանության մեջ է: Իմ նշանակվելուց հետո ես հատ առ հատ հայտերը նայում եմ, համայնքի ղեկավարին զանգել եմ, ասել՝ ինչու ես 1,5 միլիոն դրամի արժողությամբ մշակույթի տուն սարքում, եթե ոռոգման ջուր չունենք, ասում է՝ համայնքի բնակիչները չեն ուզում: Ասում եմ՝ ի՞նչ է, հայտնագործել ենք, որ առանց ջրի կարող են հող ոռոգել, ասում է՝ կոյուղաջրերով հարցը լուծում են, պատկերացնում եք՝ ինչ աղետ է։ Ես չեմ կարող նրան ասել՝ ոռոգման ջրի խնդիրը պետք է լուծել»։

Փոխնախարարը նկատեց՝ պետք է որոշել ՏԻՄ անկախության ճանապարհով ենք շարունակում գնալ թե անցնում ենք ուղիղ կառավարման.  «Պետք է հասկանանք, ՏԻՄ-երի անկախությունը թողնում ենք ու ավելի ենք մեծանում, բայց պետք է ավելի արդյունավետ լինեն ՏԻՄ-երի  կառավարիչները, թե գնում ենք ուղիղ կառավարման, այդ դեպքում իմաստ չի ունենալու ՏԻՄ-եր ունենալ, կարող ենք 200 -300 հոգանոց նախարարություն պահել, ՏԻՄ-երում ներկայացուցիչ նշանակենք ու հարցը փակենք:  Կարծում եմ՝ առաջին տարբերակն է ճիշտը, բայց պետք է հասնենք նրան, որ մարդկանց սկսի հետաքրքրել համայնքի բյուջեով, գյուղապետարանի դուռը ջարդի, ասի՝ ինչու եք սենց որոշել, կամ որոշումը  կատարել եք»։

Նա հայտնեց, որ, օրինակ, համայնքներից մեկը 10 մլն դրամի բնապահպանական ծախսեր է արել, որից ոչ ոք տեղյակ չի։

Դավիթ Գեւորգյանի խոսքով՝ մարզի կառավարման տրամաբանությունը պետք է փոխվի: «Կոմպլեքս պատկերացում պետք է ունենանք, համայնքի ղեկավարներն իրենց համայնքի զարգացման ռազմավարությունը պետք է մշակեն, տեսնեն՝ ոնց են զարգացնում իրենց համայնքները»։

Փոխնախարարը կարեւորեց տնտեսական պատասխանատուի առկայությունը. «Քանի որ որտեղ կան նման պատասխանատուներ, այնտեղ արեւային էներգիայի կայաններ են կառուցվում, համայնքը սկսում է ապրել»։

Դավիթ Գեւորգյանի համոզմամբ՝ ճանապարհը կամ ասֆալտապատումը չպետք է լինի ծրագիր, պետք է հասկանալ՝ ճանապարհը ի՞նչ է տալու. «Երբ այդ տրամաբանությամբ ՏԻՄ ունենանք, մեր խնդիրները կկարողանանք լուծել»։