Հուլիսի 28-ին, ժամը 21.35-ին, Սեւանի Բ/Կ-ից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Գանգուղեղային տրավմա, գլխուղեղային ցնցում, ձախ վերհոնքային կտրած վերք, ձախ ակնակապիճային հեմատոմա, պարանոցի քերծվածք, բազմաթիվ վերքեր, սալջարդ, էպիլեպսիա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Սամվել Կ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սամվել Կ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Սակայն ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը Սեւանա լճի ափին գործող հանգստյան գոտիներից մեկում ծագած վիճաբանության ժամանակ: Պարզվել է նաեւ, որ այս տարվա մայիսի 25-ից Սամվել Կ.-ն հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկովյան մարզի ՆԳՎ կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի ( ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Սամվել Կ.-ն անգիտակից վիճակում, ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ, տեղափոխվել է Երեւան` հիվանդանոցներից մեկում բուժօգնություն ստանալու:

Հետախուզվողի հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզում նախաձեռնողին: Ավելի ուշ, համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, պարզվել է, որ Սամվել Կ.-ին մարմնական վնասվածք է հասցրել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ Վազգեն Լ.-ն, որը հուլիսի 29-ին ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սեւանա լճի ափին գործող հանգստյան գոտում ծեծել է Սամվել Կ.-ին՝ պատճառելով վնասվածքները:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: