Արագածոտնի մարզում, այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են «ՎԱԶ 21014» մակնիշի 34 TA 314 համարանիշի եւ «ՎԱԶ 2115» մակնիշի 35 MQ 507 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մահացածին ու վիրավորին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։

Աղբյուրի փոխանցմամբ, 2 վարորդներն էլ Բյուրական գյուղից են, մահացածն էլ տղային մի քանի ժամ առաջ Աշտարակի զիմկոմիսարիատից ճանապարհել էր բանակ եւ վերադառնում էր գյուղ՝ Բյուրական։