Արարատյան արտեզյան ավազանից տարեկան միջին ջրառը հորատանցքերով 1984թ. դրությամբ կազմել էր միջինը 34.7 խմ/վրկ կամ 1մլրդ 94 մլն խմ/տարի, որն էլ իրավասու պետական մարմնի կողմից անսահմանափակ ժամանակահատվածի համար սահմանվել էր որպես օգտագործման` թույլատրելի միջին տարեկան ջրաքանակ: Սա պայմանավորված էր նրանով, որ այս ջրաքանակի օգտագործման դեպքում չի խախտվում Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշիռը:

Իսկ վերջին 15 տարիների ընթացքում Արարատյան հարթավայրում հորատանցքերով ջրառը կազմել է շուրջ 55 խմ/վրկ, որը թույլատրելի միջին ջրաքանակը գերազանցել է մոտ 21 խմ/վրկ-ով, կամ 650 մլն խմ/տարի: 55 խմ/վրկ ջրաքանակից միայն ձկնաբուծության նպատակով ջրառը կազմել է 35 խմ/վրկ կամ 1100 մլն խմ/տարի:

Ձկնաբուծական տնտեսությունների թույլատրելի ջրառը չպետք է գերազանցեր 12 խմ/վրկ, այնինչ ջրառը սահմանվածից 23 խմ./վրկ-ով ավելին է, որը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 720 մլն խմ/տարի:

Արարատյան հարթավայրի (Արարատի եւ Արմավիրի մարզեր) տարածքում գործող 903.5 կմ բաց դրենաժային ցանցերից 185 կմ հատվածը ծառայում է տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերի տեղափոխման համար, որը հանգեցրել է ցանցերում ջրի մակարդակի եւ հարակից տարածքների գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը, հողերի գերխոնավացմանը, բնակավայրերի տարածքների ջրակալմանը, հողերի աղակալմանը եւ ալկալիացմանը, դրենաժային ցանցերի աշխատունակության խաթարմանն ու, վերջին հաշվով, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության անկմանը:

Վերջին 15 տարիների ընթացքում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրերի անխնա օգտագործման արդյունքում Սեւջուր գետի հոսքը ներկայումս կազմում է առավելագույնը 0.5խ.մ/վրկ, այն դեպքում երբ 1991-1992 թթ. այն կազմել է 20-22 խ.մ/վրկ եւ մինչեւ 2004թ. 8-10 խ.մ/վրկ: 1983 թվականի գույքագրման տվյալներով 44 համայնքներում դրական ճնշում ունեցող հորատանցքերի իշխման տակ գտնվող տարածքները կազմել են 32.7 հազ.հա:

2013 թվականի տվյալներով դրական ճնշում ունեցող համայնքների թիվը կազմել է 13 համայնք 10.2 հազ. հա տարածքով: Մինչեւ 2000թ. Սեւջուր գետից Արեւշատի եւ Ռանչպարի պոմպակայաններով Ստորին-Հրազդանի ջրանցք է մղվել շուրջ 90 մլն խ.մ. ջուր եւ Սեւանա լճից օգտագործվել է ընդամենը 5-10 մլն խ.մ. ջուր:

Արեւշատի պոմպակայանը, գետի ելքերի բացակայության արդյունքում, սկսած 2004թ, չի շահագործվում, իսկ Ռանչպարի պոմպակայանով 2017թ. Ստորին-Հրազդանի ջրանցք է մղվել ընդամենը 8 մլն խ.մ եւ Սեւանա լճից օգտագործվել է շուրջ 80 մլն խ.մ. ջուր:

Նախկինում Սեւջուր գետից 3 պոմպակայանների եւ երկու ինքնահոս ջրանցքների միջոցով ոռոգվել են շուրջ 6000 հա հողատարածքներ, ներկայումս ոռոգվում է ընդամենը մոտ 2000 հա:

Արմավիրի տարածաշրջանի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն եւ Վարդանաշեն համայնքների շուրջ 1500 հա հողատարածքների ոռոգումը խիստ վտանգված է եւ հրատապ խնդիր է՝ հորատել 12 եւ վերականգնել եւս 12 խորքային հորեր:

Նախագծային փաստաթղթերն առկա են, հայտարարվել է մրցույթ, շահող կազմակերպությունները հայտնի են, պահանջվող 665.8 մլն դրամ միջոցների բացակայության պատճառով աշխատանքներն առայժմ չեն իրականացվում:

Իր երկշաբաթյա աշխատանքի ընթացքում՝ այսօր եւս՝ արդեն երրորդ անգամ, Արմավիրի մարզի նշված տարածաշրջան է այցելել Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների ընկերակցությամբ։ Կոմիտեի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ջրօգտագործողների, ՋՕԸպատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ, ներկայացրել ստեղծված իրավիճակի կարգավորման հրատապ եւ հետագա ուղիները, լսել ոռոգման ջրի հետ կապված՝ գյուղացիների մտահոգություններն ու վստահեցրել, որ եղած ջուրը խելամիտ կօգտագործվի եւ արդար կբաշխվի, կբացառվեն նախկին բացթողումները։