Կամբոջայի իշխող Ժողովրդական կուսակցությունը կիրակի երկրում անցկացված ընտրություններում լիակատար հաղթանակ է տարել՝ ընտրական տեղամասեր 82 տոկոս մասնակցության պարագայում ստանալով ընտրողների 77 տոկոսի աջակցությունը, երեքշաբթի հայտնել է Phnom Penh Post պարբերականը՝ վկայակոչելով ազգային ընտրական հանձնաժողովին:
Ստացած ձայների թվով երկրորդն է միապետական Funcinpec կուսակցությունը, որի օգտին է քվեարկել ընտրողների մոտ 6 տոկոսը, նշված է հաղորդագրության մեջ:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ձայների հաշվարկից հետո, հրապարակումը նշանակված է օգոստոսի 15-ին: Սակայն արդեն հիմա պարզ է, որ Կամբոջայի Ժողովրդական կուսակցությունն իր համար ապահովել է երկրի 125-տեղանոց Ազգային ասամբլեայի (խորհրդարան) ամբողջական վերահսկողությունը, հայտնում է պարբերականը:
Ըստ սահմանադրության՝ հաղթող կուսակցությունը պետք է կառավարությունը ձեւավորի ընտրություններից հետո 60 օրում, նշում է պարբերականը:
Արեւմտյան շատ մեկնաբաններ Կամբոջայում անցկացված ընտրությունները ոչ ժողովրդավարական եւ կեղծված են որակել՝ իշխող կուսակցությանը մեղադրելով ընդդիմությանը ճնշելու համար: Միջազգային դիտորդները, որոնք հետեւել են ընտրություններին, այնուամենայնիվ, նշում են անցած կիրակի ընտրական հանձնաժողովների աշխատանքի անաղարտությունն ու թափանցիկությունը:





























