WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստ է հեռանալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, որտեղ թաքնվում էր 2012 թվականից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի:
Գործակալության տեղեկություններով՝ Ասանժը վճռել է նման քայլ կատարել այն պատճառով, որ վերջին շրջանում առողջությունը վատթարացել է: Մեծ Բրիտանիայում նա դեռեւս կարող է կալանավորվել, նրան կարող են մեղադրանք առաջադրել նաեւ ԱՄՆ դատախազները՝ գաղտնի տեղեկություններ տալու համար:
Նշվում է, որ WikiLeaks-ի հիմնադիրը մի քանի տարբերակ ունի՝ Մեծ Բրիտանիայում նա կարող է դիմել հիվանդանոց, փորձել երկրից փախչել կամ իր կալանքը վիճարկել դատարանում:



























