Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում տեղացի բժիշկները ռուսաստանցի լրագրողների մարմինների վրա խոշտանգման հետքեր չեն հայտնաբերել, միայն հրազենային վնասվածքներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԿԱՀ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից ստացած տեղեկություններով՝ մարմինների նախնական զննությամբ տեղացի բժիշկները խոշտանգումների հետքեր չեն հայտնաբերել, միայն հրազենային վնասվածքներ»,- ասել է նա:

Ավելի վաղ Palmares Centrafrique էլեկտրոնային պարբերականը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԿԱՀ-ում ռուսաստանցի լրագրողներին սպանելուց առաջ ապստամբներն առեւանգել են եւ հարցաքննել: Պարբերականի կարծիքով՝ հանցագործությանը կարող էին մասնակցած լինել «Սելեկա» մուսուլմանական ապստամբական շարժման խռովարարները:

Երեքշաբթի ԿԱՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնել էր երկրի մայրաքաղաքից հյուսիս գտնվող Սիբյու քաղաքի շրջանում 3 մարդու զոհվելու մասին: ՌԴ ԱԳՆ-ից ավելի ուշ հայտնել էին, որ սպանվածների մոտ, որոնց մարմինները հայտնաբերվել են հուլիսի 30-ին, գտնվել են լրագրողական փաստաթղթեր՝ Կիրիլ Ռադչենկոյի, Ալեքսանդր Ռաստորգուեւի եւ Օրհան Ջեմալի անուններով: Նրանք իրեն մուտքը որպես տուրիստական են ձեւակերպել եւ երկրի տարածքով ուղեւորություն են կատարել փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանք կատարելու համար:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հավաստիացրել է, որ զոհվածների ազգականներին կցուցաբերվի անհրաժեշտ օժանդակություն: ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Սպանություն» հոդվածով: