ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է  ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Միգումի Մաեկավան։

Ողջունելով դեսպանին և շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարության կողմից մեր երկրին ցուցաբերած աջակցության համար՝ նախարարն անդրադարձել է հայ-ճապոնական առևտրատնտեսական  հարաբերությունների  դրական դինամիկային, նշելով, որ մեծ ներուժ կա դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները, տեղեկացրել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։ Խոսվել է մեր երկրի ներդրումային գրավչության, զբոսաշրջության խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Դեսպան Յամադան շնորհակալություն է  հայտնել հանդիպման և հարցերի մանրամասն ներկայացման համար։ Անդրադարձ է եղել «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման հարցերին, ինչը խթան կհանդիսանա նոր ներդրումների ներգրավման համար։ Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ դեսպանը հավաստել է ճապոնացիների կողմից Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին, ինչի մասին վկայում է  նաև զբոսաշրջիկների թվի աճը։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը։