Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 2-ի նիստում որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Լենտեքս» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին:

Հարցը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ներդրումային ծրագրի շրջանակներում «Լենտեքս» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու անհրաժեշտությամբ:

«Լենտեքս» ՍՊ ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է նոր տեսականու արտադրության միջոցով՝ ավելացնել արտադրանքի ծավալները, ստեղծելով նոր աշխատատեղեր։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ  1.98 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով, որն էլ իր հերթին կծառայի բարձր որակի տրիկոտաժե քաթաններ՝ հագուստեղեն կարելու համար։

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 60 նոր աշխատատեղ, հասցնելով այն 460-ի` 80 հազար դրամ միջին աշխատավարձով:

Արծվիկ Մինասյանը նշեց նաեւ, որ ընկերությունում այս պահին աշխատում է 396 մարդ, որոնց աշխատավարձը կազմում է միջինը 75 հազար դրամ. «Հունվար-հունիսի կտրվածքով ընկերության արտադրանքը կազմել է 960 մլն դրամ, որից արտահանումը 50 տոկոս է: Բավական լավ ուցանիշ ունենք»,-ընդգծեց նա: