Աշխարհի բոլոր եզդիներն այս օրը հիշում են, հատկապես Իրաքի հյուսիսում Սինջարի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Նրա խոսքով՝ այս օրերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հարձակվեցին 70 բնակավայրերի վրա, որ գտնվում էին Իրաքի հյուսիսում Սինջարի շրջանում, եւ դրանցից 50-ը ահաբեկիչներն ամբողջությամբ ոչնչացրեցին: Թամոյանը հիշեցրեց, որ բարբարոսական գործողությունների ընթացքում բնաջնջվել է մեծ թվով խաղաղ եզդի բնակչություն: «Միջազգային կազմակերպությունները, ինչպիսին են ՄԱԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, եւ այնպիսի երկրները, ինչպիսին են ԱՄՆ-ն, Գերմանիան եւ մյուսները այդ օրերին իրենց աչքերը փակեցին այս բոլոր հանցագոծությունների վրա»,- ասաց Աշխարհի եզդիների միության նախագահը:
Նա շեշտեց, որ եզդի ժողովրդի առջեւ փաստացի ծառացել է անհետացման սպառնալիքը որն իրականացվում է միաձուլման, ավանդական հավատը հարկադրաբար փոխելու եւ ֆիզիկական բնաջնջման ճանապարհով: Սինջարի լեռներում մինչ օրս մնացել են գրեթե 10 հազար վրաններ, որտեղ շարունակում են բնակվել եզդի ժողովրդի ներկայացուցիչները, եւ նրանց այս ամբողջ ընթացքում այդպես էլ տներ կամ բնակելի շենքեր չտրամադրեցին:
Միաժամանակ, Թամոյանն արձանագրեց, որ աշխարհում Հայաստանը, փաստորեն, միակ երկիրն է, որտեղ եզդիները հանգիստ ապրում են ու բարգավաճում:
Նշենք, որ եզդիները Հայաստանի ամենախոշոր ազգային փոքրամասնությունն են: Երկրում բնակվում է գրեթե 40 հազար եզդի:




























