ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասօր՝ օգոստոսի 3-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ գյուղատնտեսության  նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

Ողջունելով հյուրերին՝  նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը տրամադրվող օժանդակությունը՝ հույս հայտնելով, որ կողմերի միջեւ  համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Այնուհետեւ նախարար Խաչատրյանը ներկայացրել է գյուղատնտեսության քաղաքականության նոր առաջնահերթությունները։

Նախարարը մասնավորապես շեշտել է, որ ուշադրության առանցքում լինելու է փոքր տնտեսությունների զարգացումը՝ հողերի խոշորացման, միավորումների ստեղծման, ենթակառուցվածքների բարելավման, ֆինանսների հասանելիության, գյուղտեխնիկայի թարմացման եւ  առհասարակ գյուղատնտեսական արժեշղթայի ամբողջական զարգացման միջոցով։

Գյուղնախարարը կարեւորել է նաեւ բարձրարժեք, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, ինչպես նաեւ խորհրդատվական ծառայությունների եւ ուսուցման միջոցով գիտական նոր նվաճումների եւ տեխնոլոգիաների ներդրման խթանումը գյուղատնտեսության մեջ։

Դեբորա Գրիզերն իր հերթին գոհունակություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջեւ երկարամյա պատմություն ունեցող համագործակցությամբ։

Անդրադառնալով  հետագա գործակցության հեռանկարներին՝  նա նշել է, որ թեեւ այս տարեվերջին ավարտին են մոտենում «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների զարգացման» եւ «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրերը, սակայն նախատեսում են նոր՝ «Գյուղատնտեսության զարգացում-նոր տնտեսական հնարավորություն» հնգամյա դրամաշնորհային ծրագիր մեկնարկել, որի թիրախում կլինեն գյուղական փոքր ագրոբիզնեսները։ Աջակցությունը հիմնականում կուղղվի այգեգործության զարգացմանը, մասնավորապես նոր մշակաբույսերի, ջերմատների, ինտենսիվ այգիների, խաղողագործության, գյուղատնտեսական առաջնային արտադրության խթանմանը, հնարավոր է նաեւ գինու փոքրածավալ արտադրության եւ ագրոտուրիզմի զարգացման ֆինանսավորում։

Անդրադարձ է կատարվել նաեւ ծրագրի շրջանակում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համագործակցության հարցին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ոռոգման ջրի խնայողատար համակարգերի կիրառմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտության, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, գյուղատնտեսական ապահովագրության ներդրման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։