Մեծ էներգետիկա եւ բնավորություն ունեցող անձնավորություն է: Օրերս մանդատը վայր դրած «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսպես բնութագրեց Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանին:
«Դեռեւս թղթակից ժամանակներից ճանաչում եմ Նաիրա Զոհրաբյանին եւ կարծում եմ՝ մեծ էներգետիկա եւ բնավորություն ունեցող անձնավորություն է, որը ինչ գործի մասնակցում է, այդ գործին մեծապես օգուտ է բերում»,- ասաց Բոստանջյանը՝ շեշտելով, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է լավ քաղաքապետ լինել Երեւանի համար:
Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի քննադատությանը՝ Բոստանջյանն ասաց. «Յուրաքանչյուր մարդ ունի իր տեսակետը, եւ կարող է այն արտահայատել»:
Վարդան Բոստանջյանը նաեւ շեշտեց, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն է ընտրել Նաիրա Զոհրաբյանին եւ, իր կարծիքով, ճիշտ որոշում է կայացրել: Բոստանջյանը հավելեց, որ ինքն այլ արժանավոր թեկնածուներ չի տեսնում:
Հարցին, թե ի վերջո ինքն ինչո՞ւ վայր դրեց մանդատը, Բոստանջյանը պնդեց, որ մանդատից հրաժարվելը կապված չէ իր արտահայտած կարծիքի հետ, ինքը լուրջ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով էլ հրաժարվել է պատգամավորական մանդատից:





























