Չնայած Վաշինգթոնի ու Անկարայի հարաբերությունների կտրուկ վատացմանը՝ ամերիկացի քահանայի ձերբակալության կապակցությամբ, ԱՄՆ-ն ու Թուրքիան առաջվա պես կարևոր գործընկերն են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է AP-ն։

Պոմպեոն Սինգապուրում ԱՍԵԱՆ-ի կուլիսներում լրագրողներին հայտնել է, որ երկու երկրներն էլ շարունակելու են աշխատել ՆԱՏՕ-ի շրջանակում նաև այլ հարցերի շուրջ։ «Թուրքիան ՆԱՏՕ-ի գործընկերն է, որի հետ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել համատեղ աշխատանքը»,- նշել է նա;

Խոսելով ԱՍԵԱՆ-ի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին՝ Պոմպեոն նշել է, որ հստակ հասկացրել է, որ ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը պետք է ազատ արձակվի ու վերադարձվի ԱՄՆ, նաև պետք է ազատ արձակվեն Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան տեղացի աշխատողները, որոնք մինչ այդ ձերբակալվել էին ։ «Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին դա տեղի կունենա»,- ասել է Պոմպեոն։

Նա ընդունել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում «շատ խնդիրներ» կան, սակայն ասել է, որ Վաշինգթոնն ու Անկարան կարողացել են լավ աշխատել միասին։

Ինչպես հայտնել էին մինչ այդ՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարարի ու ՆԳ նախարարի դեմ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը նշել է, որ վարչակազմը «չի տեսել որևէ ապացույց, որ քահանա Բրանսոնը որևէ սխալ բան է արել, ու մենք համարում ենք, որ նա Թուրքիայի իշխանությունների կողմից անարդար ու չարդարացված ազատազրկման զոհ է»։

Հիշեցնենք, որ Բրանսոնին մեղադրում են լրտեսության ու ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում։