Հյուսիսային Կորեան չի դադարեցրել ո՛չ միջուկային, ո՛չ հրթիռային ծրագրերի մշակումը։ Վեցամսյա հետաքննությունից հետո նման եզրակացության են հանգել անկախ փորձագետները, որոնք պատրաստել էին հատուկ զեկույց ՄԱԿ ԱԽ-ի համար, հայտնում է Reuters-ը։
Փորձագետներն արձանագրել են, որ ԿԺԴՀ-ն շարունակում է գործողությունները, որոնց համար ՄԱԿ ԱԽ-ն Փհենյանի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել դեռ 2006-ին։ Այդ ժամանակվանից ի վեր պատժամիջոցները բազմիցս երկարաձգվել են ու խստացվել։ Մասնավորապես 2017-ի սեպտեմբերին ՄԱԿ ԱԽ-ն արգելք էր դրել Հյուսիսային Կորեայից տեքստիլ արտադրանքի արտահանման վրա ու սահմանափակել Փհենյանին նավթամթերքի վաճառքը տարեկան 2 մլն բարելով։
Հուլիսի վերջին ԱՄՆ հետախուզությունից աղբյուրները հայտնել էին, որ ԿԺԴՀ-ն վերականգնել է միջմայրցամաքային հրթիռների ստեղծման աշխատանքները։ Նրանց տեղեկություններով՝ վերջերս ստացված արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ Փհենյանի մոտ գտնվող հետազոտական կենտրոնում, որտեղ ստեղծվել էին Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթռները, աշխատանքներ են իրականացվում հեղուկ վառելիքով աշխատող մեկ կամ երկու բալիստիկ հրթիռների վրա։
Կորեական թերակղզու ամբողջական միջուկային զինաթափման մասին Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ պայմանավորվել էր ապրիլի 27-ին Փհանմունջոմ սահմանամերձ գյուղում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Հունիսին հյուսիսկորեական միջուկային ծրագրի ճակատագիրը դարձել էր ԱՄՆ- ԿԺԴՀ գագաթաժողովի թեմաներից մեկը Սինգապուրում։ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի հանդիպման արդյունքներով՝ ստորագրվել էր համատեղ փաստաթուղթ, որը Հյուսիսային Կորեային պարտավորեցնում է ամբողջովին ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին։




























